Կառավարությունն առաջարկում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ներդնել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Մասնավորապես, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշմամբ սահմանված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգում առկա կարգավորումները վերաբերում են միայն ՀՀ ՊՆ համակարգում պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինծառայողներին, ուստի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների նկատմամբ հնարավոր չէ կիրառել։
«Ներկայումս Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում (այսուհետ՝ Սահմանապահ զորքեր) զգալի թվով պարտադիր ժամկետային զինծառայողներ ցանկություն են հայտնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնելու պայմանագրային զինվորական ծառայության։
Գործող կարգավորումների համաձայն՝ նշված ծրագրի շրջանակներում պարտադիր ժամկետային զինծառայողները չեն կարող պայմանագրային զինվորական ծառայության անցնել Ազգային անվտանգության մարմիններում, հետևաբար՝ վերջիններս հաճախ տեղափոխվում են ՀՀ զինված ուժեր՝ հետագա պայմանագրային ծառայությունը շարունակելու նպատակով։
Հարկ է նշել, որ ՀՀ զինված ուժեր են տեղափոխվում Սահմանապահ զորքերում առնվազն 6 ամիս ծառայած զինծառայողները, ովքեր արդեն իսկ անցել են համապատասխան պատրաստություն և տիրապետում են սահմանային ծառայության առանձնահատկություններին, իսկ նրանց փոխարեն ՀՀ զինված ուժերից տեղափոխվող զինծառայողներին սահմանային ծառայության կրմանը պատրաստելու համար պահանջվում է տևական ժամանակ և լրացուցիչ անձնակազմ։
Բացի այդ, Սահմանապահ զորքերը Պաշտպանության նախարարությունից փուլային տարբերակով ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչի համար անհրաժեշտ է լինելու հավելյալ անձնակազմ, որը կարող է լրացվել նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի կիրառմամբ»,- գրված է առաջարկվող նախագծում:
Արդյո՞ք սա չի վնասելու ՀՀ ԶՈւ թվի աճի ապահովմանը հենց նույն «Պաշտպան հայրենյացի» միջոցով, ինչն իր հերթին՝ հանգեցնելու է անվտանգային ռիսկերի ՀՀ ԶՈՒ-երի և երկրի համար:
Ի վերջո, ԱԱԾ սահմանապահ ուժերը չունեն այն զինվածությունը, ինչ ԶՈՒ զինծառայողները, որոնց թիվն այս դեպքում չի ավելանա, առանց այն էլ բանակում մարդկային ռեսուրսի խնդիր կա: Այս թեմային առավել խորքային առաջիկայում կանդրադառնանք։