Մեր երկրի անվտանգության խոցելիության երեք հիմնական ռիսկեր կան՝ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական: Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Քաղաքականն առաջին հերթին վերաբերում է ներքաղաքական դասավորությանը, այն քաղաքական խմբակին, որը վերջին 6 տարիների ընթացքում կառավարում է Հայաստանը: Դիվանագիտական առումով գնահատումը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում իրականացված արտաքին քաղաքականությանը: Այստեղ արտացոլված են ոչ միայն հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները, այլև բանակցային գործընթացում տեղի ունեցածը: Այն սկսվում է 2018-ից՝ Արցախի հարցով բանակցություններից ու դրա լիարժեք տապալումից»,- ասաց նա:

Խոսելով ռազմական խոցելիության մասին՝ պատգամավորը նշեց, որ դրա հիմքը 44-օրյա պատերազմն էր, դրա բերած ծանր հետևանքները:

«2018-ից մեկնարկած գործողություններն աղետալի էին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության: 2023-ին Ադրբեջանը ոչ միայն օկուպացնում էր Արցախը, այլև բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ: Ադրբեջանի նպատակներն ուղղված են եղել առավելություն ստանալուն ոչ միայն բանակցային գործընթացում, այլև ռազմական: Հայաստանի իշխանությունները զիջողականության քաղաքականությամբ ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ-ի բոլոր հաջորդ իշխանություններն ունենալու են բավականին ծանր իրավիճակ ռազմական տեսանկյունից: Իշխանությունն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնում է բոլոր այն ուղղություններով, որոնք նրան հնարավորություն են տալիս պահելու իր իշխանությունը»:

Աբրահամյանի խոսքով՝ բանակն իշխանությունների համար մղվել է երկրորդ պլան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել