1 Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) 

Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) վիրուսային վարակ է, որը պատկանում է մոծակների միջոցով փոխանցվող վարակների տեսակին, ինչպիսիք են դենգեն, զիկան և մալարիան: 
 2 Ի՞նչ եղանակով է փոխանցվում Արևմտյան Նեղոսի վիրուսը
ԱՆՎ-ն հիմնականում մարդկանց փոխանցվում է վարակված Culex մոծակի խայթոցի միջոցով կամ վարակակիր դոնորից արյան փոխներարկման/օրգանների փոխպատվաստման միջոցով:
Ահա թե ինչպես է աշխատում վարակի փոխանցման գործընթացը.
Մոծակի խայթոց. մոծակները վարակվում են ԱՆՎ-ով, երբ սնվում են վիրուսը կրող թռչուններով (ցանկացած թռչուն կարող է լինել վարակի աղբյուր)․ վարակվելուց հետո մոծակը խայթոցի միջոցով կարող է վիրուսը փոխանցել մարդկանց կամ այլ կենդանիների:
Թռչունները ԱՆՎ-ի հիմնական կրողներն են․ վարակված թռչունների արյան մեջ վիրուսի կուտակման բարձր մակարդակ է առկա։ Երբ մոծակները նրանց խայթում են, դառնում են վարակի փոխանցող և վարակը տարածող։ 
Մարդիկ և այլ կաթնասուններ վարակվում են ԱՆՎ-ով մոծակի խայթոցից․ մարդիկ և ձիերը համարվում են վարակի «պատահական» և «վերջնական տեր»։ Սակայն պետք է նշել, որ մարդու կամ ձիու արյան մեջ վիրուսի առկա մակարդակը մոծակի համար բավարար չէ, որպեսզի նա վարակը տարածող դառնա: 
 
Վարակի տարածման այլ ձևեր․ ԱՆՎ-ն կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման ժամանակ։ !! Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում, չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:
Այլ՝ հազվադեպ դեպքերում վիրուսը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և/կամ ծննդաբերության ժամանակ: Մոծակների խայթոցների համեմատ այս եղանակները հազվադեպ են: 
 3 Արևմտյան Նեղոսի Տենդի աշխարհագրություն
Ամբողջ աշխարհում կան նոր տարածքներ, որտեղ 2024 թվականից գրանցվել են դեպքեր, նաև  Հայաստանում:
Մեր հարևան երկրներից՝ Իրանում և Թուրքիայում առաջին դեպքերը արձանագրվել են դեռևս 2009-2010թթ, իսկ ավելի թարմ հետազոտությունները ցույց են տալիս մինչև 15% տարածվածություն այս երկրներում: Վրաստանում և Ադրբեջանում որոշ տարածվածություն նույնպես նկարագրված է:
 4 Որո՞նք են Արևմտյան Նեղոսի վիրուսի ախտանիշները
ԱՆՎ-ի ախտանշանները շատ տարբեր են՝ ախտանիշների բացակայությունից (ասիմպտոմ) մինչև ծանր նյարդաբանական ելքեր: 
Չնայած հիվանդության ծանր՝ նեյրոինվազիվ (մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թորշոմած միելիտ) ձևերը զարգանում են մինչև 1% դեպքերում, ախտորոշված դեպքերը հենց սրանք են լինում:  Առանց ախտանիշների ընթացող (ասիմպտոմ) դեպքերը պարզ են դառնում միայն ուղղորդված հետազոտությունների միջոցով:
Նեյրոինվազիվ դեպքերի մահացությունը, նույնիսկ զարգացած երկրներում (ԱՄՆ, Եվրոպա) կազմում է մոտ 10%: Սա նշանակում է, որ ախտորոշված 10 դեպքից հավանական է 1 մահվան ելք: Հարկ է նշել, որ ծանր ընթացքով դեպքերոմ ապաքինումը կարող է տևել ամիսներ՝ հաճախ թողնելով մնացորդային նյարդաբանական դեֆիցիտներ:
 5 Որո՞նք են վարակման ռիսկային խմբերը 
Բարձր տարիքը և ուղեկցող հիվանդությունները մեծացնում են վարակի ծանր ընթացքի ռիսկը, սակայն հիվանդությունը կարող է նեյրոինվազիվ ընթացք ունենալ ցանկացած տարիքային խմբի և նույնիսկ առողջ անհատների մոտ:
 6 Արդյո՞ք Արևմտյան Նեղոսի վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու։
Այո, սակայն միայն արյան/օրգանների դոնորության ժամանակ։ Մարդուց մարդու այս վարակը չի փոխանցվում (Տե՛ս 2-րդ կետը)։ 
 7 Արևմտյան Նեղոսի վիրուսի բուժման ի՞նչ տարբերակներ կան:
Այս պահին ամբողջ աշխարհում սպեցիֆիկ բուժում մշակած չէ․ հոսպիտալացված դեպքերում կիրառվում է սիմպտոմատիկ բուժում։  
 8 Ըստ վերջին տվյալների Հայաստանում հատկապես ո՞ր մարզերում է առկա վիրուսը:
Ըստ առկա վերջին տվյալների դեպքերը գրանցվել են առավելապես Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում:
 9 Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի վիրուսից:
 • Մարդկանց համար պատվաստանյութ մշակված չէ,
 • Մշակել դոնորների (արյան և օրգանների) համար հատուկ կրիտերիաներ: Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:
Ինչպե՞ս կարելի է ապահովել անձնական պաշտպանություն՝
 • Կրել փակ հագուստ։
 • Օգտագործել ռեպելենտներ
 • Պատուհանների ցանցապատում։
 
Անհրաժեշտ է նաև մոծակների քանակի վերահսկում արտաքին միջավայրում՝
 
Մոծակների համար բարենպաստ պայմաններն են՝ շոգ, խոնավ վայրերը, ջրային տարածքները (բույսեր պարունակող լճակներ, ջրափոսեր, ոռոգվող տարածքներ): 
 
Ուստի հարկ է զգուշանալ մոծակներից՝ կանխելով բազմաթիվ հիվանդություններ:
 • Նպաստավոր պայմանների վերացում (կեղտոտ ջրափոսերի, ճահիճների վերացում):
 10 Կա՞ արդյոք ԱՆՎ-ի դեմ պատվաստանյութ:
 
Մարդու համար պատվաստանյութ այս պահին մշակված չէ։
Որտե՞ղ կարող եմ ավելի շատ տեղեկություններ գտնել Արևմտյան Նեղոսի վիրուսի մասին: 
Հավելյալ տեղեկատվություն վարակի մասին կարելի է կարդալ հետևյալ հղումներով՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել