Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանը։ 

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ներսես Ալեքսանյանն է։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանները, մեկնելով գյուղ, պարզում են, որ Ն․ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել  ընտանիքի անդամների ուղեկցությամբ, իսկ արդեն դեպքի վայրում՝ Թումանյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվում են արնանման հետքեր։

Դեպքի մասին Ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը և օրվա պատասխանատու հերթապահ քննիչը։

Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի տղան, 38-ամյա Վահե Ալեքսանյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվում է հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին  ոստիկաններն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որով հայտնում են, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Մինչ դեպքի վայրում քնննչական խումբը զննություն էր կատարում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստանում կասկածյալի հիմնական գտնվելու վայրի մասին ու մեկնելով ենթադրյալ վայր՝ հարևան գյուղ, այնտեղ փնտրողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում ու վնասազերծում են նրան և տեղափոխում Ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կասկածյալը ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկաները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել