Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով, այդպիսի ծանր հանցագործության մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, ուստի մենք ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Այս մասին ՔԿ-ի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ արդեն իրավապահ մարմինները չեն կարող ականջներն ու աչքերը փակել, Սամվել Վարդանյանն էլ մանրամասն ցուցմունք է տվել։ Նա նաև անդրադարձավ նրան, որ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ընդդիմադիրների նկատմամբ գործ, օրինակ, հարուցվում է։

«Երեկ 13։10-ից ես և իմ գործընկերը հրապարակավ մեզ «ճղում էինք», որ այսպիսի ահասարսուռ դեպք է տեղի ունեցել, սա քաղաքական պատվերով կատարած այլանդակություն է բանդայի կողմից։ Չգիտեմ՝ ովքեր են այդ բանդայի մեջ եղել՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հնարավոր է՝ օլիգարխի թիկնապահներ, չեմ կարող ասել՝ կպարզվի»,- ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ հոդվածը լրացվել է, որ կարողանան իր վստահորդին կալանավորել։

«Միայն խուլիգանության հիմքով կալանավորում չկա, ուստի նրանք 329 հոդվածի 3-րդ կետով էլ են մեղադրանք առաջադրել, որ կալանավորելու հիմք լինի։ Այսպես ասեմ՝ մեղադրանքը լրացվել է Արմեն Գրիգորյանի և Նարեկ Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է, և խոչընդոտը վերացվել է կալանքի միջնորդություն ներկայացնելով։ Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունն այս փաստից հետո, հասկանում եք, թե որքան է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ Սամվել Վարդանյանն այս պահին Շենգավիթի դատարանում է և որ դատարան միջնորդություն կարող է ներկայացվել ոչ միայն կալանքի, այլև տնային կալանք վարչական հսկողության։

«Մենք չենք ստացել միջնորդությունը, չգիտենք տնային կլինի թե բանտային», - նշեց նա։

Ըստ Մելիքյանի՝ այս գործը 100 տոկոս քաղաքական է, քանի որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունով հենց ուղղորդում ու հանձնարարություն է տրվել իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք, որ նախօրեին հանրային տրանսպորտում միջադեպ էր եղել քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը պատգամավորին անվանել էր «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածում է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։

Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ նրա փաստաբանները տեղեկություն են հրապարակել, թե Սամվել Վարդանյանին երեկ ՔԿ-ից ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար խոշտանգել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել