Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած բալիստիկ հրթիռների մոտ 50 տոկոսն օդ չի բարձրացել կամ ընկել է՝ չհասնելով թիրախին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, որի անունը չի նշվում։

«Ամերիկացի պաշտոնյան հաստատել է Fox News-ին, որ շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ իրանական բալիստիկ հրթիռների մոտ 50%-ին չի հաջողվել թռչել կամ հասել թիրախին», - նշել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:

Իրանի պետական Press TV հեռուստաալիքը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը լույս կիրակի գիշեր Իսրայելի վրա հարձակման ժամանակ յոթ գերձայնային հրթիռ են արձակել, որոնցից ոչ մեկն իսրայելական հակաօդային պաշտպանությունը չի որսացել։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, հայտնել էր, որ Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ ԱՄՆ զինվորականները որսացել են ավելի քան 70 անօդաչու թռչող սարք և առնվազն երեք բալիստիկ հրթիռ:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին իր հերթին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Իրանն ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել