Մենք այլևս չունենք Ազգային անվտանգության ծառայություն, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է դարձել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ԱԱԾ կողմից հայ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքին։

«Սահմանապահը, որը փորձել է հայ հովիվի հոտը թշնամու կողմից հետ բերել, դրա համար իրեն դատում են, դրա համար իր դեմ քրեական գործ են հարուցել, սա վերջին ապացույցն է այն բանի, որ մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը որը զբաղեցնում է ՀՀ ազգային անվտանգության՝ ժամանակին եղած ծառայության շենքը, Հայաստանի, հայերի, հայ ազգի ազգային անվտանգության հետ որևէ առնչություն չունի, այլ Նիկոլի ռեժիմի հերթական ինստիտոուտն ու գործիքն է դարձել։ Մենք չունենք ԱԱԾ, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկող, մենք ունենք Ալիևի հրահանգները կատարող հաստատություն»,- ասաց նա։

Անդրադառնալով երեկ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ինչի հետևանքով կա 4 զոհ, Վրթանեսյանը նշեց՝ չի կարող ասել դա ինչ-որ համակարգային սխալների հետևանք է, թե իսկապես զուտ դժբախտ պատահար, որից որոշ դեպքերում գուցե հնարավոր չէ խուսափել, կամ գուցե կոնկրետ մեկ մարդու սխալի հետւևանք է։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը։ Նշված հատվածում սկսել է հրաձգություն։

Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել