Մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան համարվող 1876թ․-ին կառուցված շենքի դռները մոտ 10 օր առաջ փակվեցին։ Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այս շենքում տասնամյակներ շարունակ գործունեություն էին ծավալում մշակութային 3 կազմակերպություններ, այդ թվում՝ «ԻԿՕՄՈՍ»-ը, «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը»։ Երեւանի քաղաքապետարանի պահանջով այս ընկերությունները ապրիլի 5-ին դատարկել են շենքն ու լքել տարածքը։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում այս շենքին, քաղաքապետարանից «Հրապարակ»-ին ասացին, որ այն տրվելու է վարձակալությամբ, իսկ թե ում, դեռեւս հայտնի չէ։

Մեր աղբյուրներն ասում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է տարածքն ազատվել։ Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Քաղպայմանագիր» կուսակցության գրասենյակը Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկից տեղափոխվում է Հանրապետության փողոց։ Տեղակայվելու է այն տարածքում, որտեղ ժամանակին ԲՀԿ-ի գրասենյակն էր` «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, իսկ վերը նշված շենքը մի քանի մետր ներքեւում է։ Եթե երկու տարածք են վերցնում Հանրապետություն փողոցի վրա, ստացվում է՝ ՔՊ-ի մի «ականջը» կլինի «ՀՀԿ»-ի կողքին, մյուսը՝ «ՀՅԴ»-ի։

«ԻԿՕՄՈՍ»-ի հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս 2020թ․-ին էր պայմանագրի ժամկետը սպառվել, քաղաքապետարանը շուրջ 4 տարի էսօր-էգուց է արել ու չի երկարացրել պայմանագիրը։

«Մեր ժամկետը լրացել էր 2020թ․-ին, որից հետո խնդիրն առկախված մնաց։ Մի քանի անգամ դիմեցինք քաղաքապետարան, քննարկման փուլ անցավ, ու կրկին առկախված մնաց։ Քանի որ իրավական դաշտում մեր դիրքերը ուժեղ չի, որ կարողանանք մի բան անել, ուստի սպասում ենք տեսնենք՝ ինչ են անում»,-ասաց նա։

Շենքը 3 կազմակերպություններին անհատույց Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ է տրվել վարձակալության, ժամկետն էլ 2 անգամ երկարացվել է։ Շենքն, ըստ արխիվային փաստաթղթերի, կառուցվել է 1876 թ-ին, եւ եղել է նահանգապետարանի վարչական շենքի մասնաշենքը, պատմական մեկ այլ դրվագով՝ մինչև 1920 թ. ծառայել է որպես Հայաստանում Պարսկաստանի հյուպատոսարան: Այնուհետև այն տրվել է Հովհաննես Թումանյանի ղեկավարած «Հայ Օգնության Կոմիտեին»։ Հետագայում այն կրկին ծառայել է, որպես մշակութային կենտրոն։ 
Գյուրջյանը մտահոգված է՝ ի՞նչ ճակատագիր է ունենալու այս շքեղ շենքը, որ մայրաքաղաքի կոլորիտի անքակտելի մասն է կազմում։

«Ես այդ շենքի հետ կապված մտահոգված եմ։ Պատմամշակութային հուշարձան համարվող այս շենքի երկրորդ հարկում ամբողջությամբ բնակելի տներ են, 5 ընտանիք է ապրում, ներքեւի հարկում էլ հյուրանոց է։ Համալիր լուծում է պետք, եթե մենք ուզում ենք հուշարձանը պահել որպես արժեք։ Ենթադրում էինք, որ Ֆիրդուսի թաղամասի ժողովրդին բնակարաններ տան, շենքն էլ ամբողջությամբ ազատեն։ Մենք այդ խնդիրը կբարձրացնենք, եթե մեզ լսելու առիթ լինի։ Մշակութային ժառանգության պահպանության համակարգ չունի մեր երկիրը»,-նշեց Գյուրջյանը։

Ավելի վաղ այս առնչությամբ նաեւ հայտարարություն էր տարածել «Բնօրրանը»։
«Հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, մենք հանրության ուշադրությունը չենք ուզում բեկել անվտանգային և օրհասական խնդիրներից, ուստի խոր մտահոգությամբ, բայց Երևանի քաղաքապետարանի որոշմամբ լքել ենք 1964 թվականին հիմնադրված Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության «Բնօրրան» ՀԿ-ի 60-ամյա գործունեության հասցեն (Հանրապետության 32)։ Պատմամշակութային հուշարձան համարվող կառույցի ճակատագիրը մեզ եւ հանրությանն անհայտ է, իսկ այն իր մշակութային գործառույթով պահպանելու ջանքերը` անտեսված»,-գրված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել