Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ գումար չի տա Ուկրաինային, եթե նորից նախագահ դառնա, իսկ առանց ԱՄՆ-ի Եվրոպան չի կարողանա ֆինանսավորել հակամարտությունը, և այն կավարտվի, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Թրամփը Օրբանին ընդունել է Մար-ա-Լագոյի՝ իր կալվածքում։
«Ակնհայտ է, որ Ուկրաինան ինքնին ոտքերի վրա կանգնած չէ։ Եթե ամերիկացիները զենք ու փող չտան, իսկ եվրոպացիները հետեւեն նրանց, ապա պատերազմը կավարտվի։ 

Թրամփը հիմա նախագահ չէ, բայց նրա կուսակցությունը խոչընդոտում է, երբ դեմոկրատները ցանկանում են գումար ուղարկել պատերազմին։ Թրամփն ասաց, որ եթե վերադառնա, դա չի անի, ոչ մի գումար չի հատկացնի: Եվ այդ ժամանակ այս պատերազմը կավարտվի»,- ասել է Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ, Մար-ա-Լագոյում հանդիպումից անմիջապես հետո Օրբանը հայտարարեց՝ ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, քանի որ նրա նախագահության օրոք Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտություններ չեն եղել․

«Նախագահ Թրամփը աշխարհի նախագահն էր. նրան հարգում էին աշխարհում և դրանով իսկ պայմաններ ստեղծեց խաղաղության համար։ Նրա նախագահության տարիներին խաղաղություն էր Մերձավոր Արևելքում, ինչպես նաև խաղաղություն Ուկրաինայում։ Այսօր նույնպես պատերազմ չէր լինի, եթե նա դեռ լիներ Միացյալ Նահանգների նախագահը։ Մենք պայմանավորվեցինք, որ խաղաղություն կլինի, երբ կլինեն խաղաղություն ցանկացող համաշխարհային առաջնորդներ։ Ես հպարտ եմ, որ Հունգարիան այս երկրների շարքում է»,-ասել էր Օրբանը սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել