ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի․ սա ՌԴ-ի ընտրությունն էր։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Դիվերսիֆիկացիայի պահանջը շատ օբյեկտիվորեն է ստեղծվել։ Ինչպես է եղել, որ մենք որոշել ենք, որ պետք է դիվերսիֆիկացնենք։
Առաջին հերթին, երբ որ 2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել ՌԴ-ից, պայմանագրեր ենք կնքել իրենց հետ։ Մենք բանակի բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումները իրականացնենք։
Բայց այդ բարեփոխումների փոխարեն, մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են տեղի ունեցել։ ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը, ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև՝ գնված զենքը, որը կազմում էր 250 միլիոն, 2021 թվականին կնքված պայմանագրեր են։ Եվ մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել և այդ գործընկերներից հայտնիներից մեկը Հնդկաստանն է, վերջերս Ֆրանսիան է դարձել, Եվրամիության տարբեր երկրներ և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել։
Հայաստանը 2020 թվականին ռազմատեխնիկական իր ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ-ի հետ էր, 2021 թվականի հունվարից մինչև այսօր մենք մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։
Այդ պայմանագրերի մեջ, այս պահին ՌԴ-ի ծավալը 10 տոկոսից ցածր է կազմում։ Այսինքն 96 տոկոսից ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի և սա նաև ցույց է տալիս, որ օբյեկտիվ պատճառներով են սա տեղի ունեցել և սա եղել է հենց ՌԴ-ի ընտրությունը։
Կնքվել են պայմանագրերը, բայց չեն սպասարկել այդ պայմանագրերը։ Ավելին ասեմ՝ հաճախ հղում է կատարվում Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, ավելի քան 1 տարի դա չի մատակարարվել և պատերազմից հետո էլ չի մատակարարվել։ Դա եղել է ՌԴ-ի որոշումը, երբ որ մեզ դրել են փաստի առաջ և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնելու», – հավելեց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել