Hraparak.am-ը գրում է

ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցով բանակցություններ չի անցկացրել Ռուսաստանի հետ և չի էլ անցկացնի։ Այդպիսի հայտարարություն է արել Պետքարտուղարությունը՝ պատասխանելով Reuters-ի համապատասխան հարցին։


Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանը միջնորդների միջոցով առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս դիրքերում՝ առանց Ուկրաինային տարածքներ զիջելու։
«Մենք հավատարիմ ենք «Ուկրաինայի մասին ոչինչ առանց Ուկրաինայի» սկզբունքին։ Մենք չենք աջակցի Ուկրաինային տարածքներ զիջելու պարտադրանքին։ Ռուսաստանը կարող է մտածել, որ այս պատերազմի ավարտի ուղին անցնում է Վաշինգտոնով։ Սա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ձգտում մոտ ապագայում դադարեցնել պատերազմը և պատրաստվում է «լիովին իրեն ենթարկել Ուկրաինային և նրա ժողովրդին»։ 

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան հրապարակայնորեն «ազդանշաններ է ուղարկել հրադադարի իր շահագրգռվածության մասին», բայց ոչ մի ցուցում չկա, որ «Ռուսաստանն իրականում պատրաստ է մտնել ցանկացած բանակցության մեջ, որը ենթադրում է հրաժարվել իր ծայրահեղապաշտական պահանջներից»։

Ինչպես Reuters-ին հայտնել են ռուսական աղբյուրները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել վերոնշյալ առաջարկով, իսկ նրա գաղափարը միջնորդների միջոցով փոխանցվել է Վաշինգտոնին (արաբական և մի քանի այլ երկրների միջոցով): 

Կրեմլի ղեկավարի առաջարկն, իբր, քննարկվել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ։ 

Ըստ աղբյուրի, քննարկվել է նաև նրանց և Պուտինի օգնական Յուրի Ուշակովի բանակցության հնարավորությունը։ Հրապարակման մեջ նշվում է, որ վերջինս հունվարին զանգահարել է Սպիտակ տան խորհրդականին, սակայն Սալիվանը հրաժարվել է խոսել հրադադարի մասին՝ առանց բանակցություններին Ուկրաինայի մասնակցության։ 
Մոսկվան հիասթափված է եղել ԱՄՆ դիրքորոշումից և այժմ իմաստ չի տեսնում հետագա նման շփումների մեջ, գրել են քաջատեղյակ աղբյուրները։

Հավելենք, որ ինչպես Պետդեպը, այնպես էլ Reuters-ի աղբյուրը Միացյալ Նահանգներից հերքել է, որ կողմերի միջև որևէ շփում կա՝ պաշտոնական կամ ոչ պաշտոնական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել