Tert.am-ը գրում է.

Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Այն փաստը, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում են 23 գերի մնալ, մյուս փաստերը՝ հռետորաբանությունը, սրանք բացասական են ընկալվում մեր կողմից և այս գործողությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների։

Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը  շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Իսկ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ մշտապես այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի և նաև երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումներում մշտապես խոսվել է։

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը շարունակաբար խախտել է այս պայմանավորվածությունները՝ նույն Բրյուսելում ձեռք բերված։

Հայկական կողմը հետաքրքրված է հումանիտար խնդիրների լուծմամբ, և այս ուղղությամբ մենք իրականացնում ենք մեր տնային աշխատանքը․ նոր քարտեզներ են կազմվել, միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ մնացյալ բոլոր հումանիտար խնդիրները, որոնք այս պահին ադրբեջանական դաշտում են, դրանք նույնպես պիտի իրենց լուծումը ստանան։

Եվս մեկ խնդիր, որ վերջին 2 տարում երկու երկրներն էլ բարձրացնում են, դա անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրն է և այս ուղղությամբ ևս մենք արել ենք որոշակի աշխատանք մեր ներսում՝ հասկանալու համար թե ինչ տեղեկատվություն կա, որը կարելի է հավաքել։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները կասկած են հարուցում, թե ընդհանրապես ադրբեջանական կողմը հետաքրքրված է հարաբերությունների կարգավորմամբ և խաղաղության հաստատմամբ, իսկ այս ճանապարհին վստահության ամրապնդման միջոցառումները բավականին մեծ կարևորություն ունեն։

Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ, որովհետև հայտարարությունները, որոնք հնչվում են Բաքվից, բավականին իրարամերժ են»,- ասել է Կոստանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել