Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 
Օպերատիվերեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ: 
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սամվել Աբրահամյանն ու Անդրանիկ  Երկնափեշյանը: 
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրայնն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետը: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել