ArmLur.am-ը գրում է․

Երևանի նոր ձևավորված ավագանին թերևս կարճ ժամանակ է՝ ինչ սկսել է իր աշխատանքը, բայց գրեթե բոլոր նիստերն ուղեկցվում են սկանդալներով, վիճաբանություններով և թեժ լեզվակռիվներով:

Ընդ որում՝ առավել ակտիվ են ավագանու կին անդամները, ովքեր հաճախ են հայտնվում վիճաբանությունների կենտրոնում: Այս ավագանին ունի 25 կին անդամ:
ArmLur.am-ը կներկայացնի ավագանու կին անդամներին, ովքեր առավել ակտիվ են և հաճախ են հայտնվում վիճաբանությունների կիզակետում:
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանն ավագանու ամենաակտիվ անդամներից է, ով իր հայտարարություններով հաճախ է հայտնվում սկանդալի կենտրոնում: Նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է:

Նուարդ Վարդանյանն աչքի էր ընկել հատկապես այն բանից հետո, երբ 2019թ-ին ֆեյսբուքյան իր էջում սպառնացել էր ընդդիմադիրների «ականջ ծամել». «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ», – գրել էր նա, ինչից հետո հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում:

Հանրությանը հայտնի Երևանի ավագանու կին անդամներից է նաև երիտասարդ դերասանուհի Տաթև Հովակիմյանը: Նա ՔՊ-ի ցուցակով մասնակցեց ավագանու վերջին ընտրություններին և մուտք գործեց քաղաքականություն, ինչից հետո նրա հասցեին սուր քննադատություններ սկսեցին հնչել՝ թե՛ հանրության, թե՛ անգամ իր կոլեգաների կողմից:
Դերասանուհի, ավագանու նորընտիր անդամ Տաթև Հովակիմյանը հերթական անգամ քննադատությունների կիզակետում հայտնվել էր օրերս, այն բանից հետո, երբ հայտարարել էր՝ «Իմ գիտակից կյանքում չեմ հանդիպել Արարատ Միրզոյանի պես ԱԳ նախարարի»։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը նույնպես գործուղվել է ավագանի՝ ՔՊ խմբակցության կազմում:
Վերջինս այս ընթացքում սկանդալների կենտրոնում չի հայտնվել, փոխարենն աչքի է ընկել լրագրողների նկատմամբ իր դժկամ և խուսափողական վերաբերմունքով:
Նա ԱԺ-ում էլ մշտապես փորձում էր խոչընդոտել լրագրողների աշխատանքը, և, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Կոնջորյանի փոխարեն նա էր «կառավարում» ՔՊ-ն:

Ավագանու հնաբնակներից Իզաբելլա Աբգարյանը, որը ավագանի էր մուտք գործել 2018թ-ին՝ իշխող «Իմ քայլը» կուսակցության ցուցակով, պատերազմից հետո՝ 2020թ-ին խմբակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, իսկ արդեն 2023թ-ի ավագանու ընտրություններին նա մասնակցեց ընդդիմադիր թևից հանդես եկող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմով: Այժմ նա «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղարն է:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը նույնպես Հայկ Մարությանի թիմում է:
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դուստրը՝ Նարե Արամյանը ևս ավագանու անդամ է, նա 2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու հերթական ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Անի Խաչատրյանը վերջերս ավագանիում տեղի ունեցած վիճաբանության կիզակետոմ էր հայտնվել: Նրա սուր ելույթից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հետ թեժ վիճաբանություն,սկսվեց, որն ուղեկցվեց միմյանց վրա ջուր շփելով, մազ քաշելով: Ավագանու կին անդամների սկսած թեժ վեճը շարունակվել էր նաև քաղաքապետարանի միջանցքներում՝ արդեն ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ:

Սոնա Աղեկյանը նույնպես ավագանու ամենասկանդալայի դեմքերից է. նա հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2019թ-ին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, կոյուղաջրեր էր տարել քաղաքապետարան:
Քաղաքապետարանում տեղի ունեցած վեճի կենտրոնում էր նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը, որը հայհոյանքներ էր հնչեցրել վեճի ժամանակ: Վերջինս ԵԿՄ, «ՀԱԲ», «Ֆիդայիններ», «Արցախյան պատերազմի վետերաններ», «Ազատամարտ», «Արծիվ 30», «Առաջին գունդ», «Հայ-ռուսական բարեկամության դաշինք» և այլ կազմակերպությունների անդամ է: Նա շատ սուր գրառումներով է հաճախ հանդես գալիս նաև ֆեյսբուքի իր էջում:

Ավագանու ամենաէքսցենտրիկ կին անդամներից է նաև «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը. նա թեև ավագանու նիստերին չի մասնակցում, բայց հաճախ է սկանդալային հայտարարություններով հանդես գալիս և խոստանում է «ՔՊ-ի կյանքը դժոխքի վերածել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել