Hraparak.am-ը գրում է․

«Այն, որ այս իշխանությունները Արցախի հարցին վերաբերվում են որպես սոցիալական խնդրի, նոր չէ։ 44-օրյա պատերազմից սկսած պաշտոնական Երևանը դարձել է Արցախի համար սոցիալական մի մեծ հասարակական կազմակերպություն։ Մարդու իրավունքների ապահովում, պաշտպանություն, նման բան չկա այս իշխանությունների կողմից, զրո խոսք այդ մասին, զրո խոսք կարգավիճակի մասին ու զրո խոսք կարգավիճակի մասին այն ժամանակ, երբ այդ մասին խոսում են, օրինակ, Գերմանիայի կանցլերը, ՌԴ նախագահն ու այլք։ Սա իսկապես նոր մոտեցում չէ»։ Այս մասին քիչ առաջ «Հայաստանը՝ իբրև մի մեծ «անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


«Այս մարդիկ անընդհատ խոսում են, թե ինչքան աջակցություն է տրամադրել Արցախին և այլն։ Իհարկե, թիվը աճել էր, բա ձեր քանդածից հետո պիտի աճեր, բա ի՞նչ պիտի աներ։ Ակնհայտ է, որ քանդած վիճակում գտնվող պետական ինստիտուտների պահպանման համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան երբ դրանք նորմալ կարգավիճակում էին։ Փաշինյանն ու իր խմբակը միանշանակ կեղծ թեզեր է առաջ քաշում։ Ի դեպ, ես իմացա, որ այդ բառից՝ խմբակից, լավ նեղվում են ու այսուհետ մշտապես այդ բառն եմ օգտագործելու նրանց մասին խոսելիս»,- ասաց Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել