Armlur.am-ը գրում է.

Shamshyan.com-ը գրել է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:

ArmLur.am-ին այս դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Քիչ առաջ մեզ բացառիկ տեղեկություններ հասան, որ դատարանում կրակոցներից վիրավորվել է Շենգավիթ վարչական շրջանում քրեական պատմություններով հայտնի Սահակը, որին դատարանից տեղափոխել են հիվանդանոց։

Իսկ թե ովքեր են կրակող անձինք, իրավապահներն այս պահին փնտրում են։ Ավելին, ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ այդ կրակոցները կպել են դատախազի մեքենային։ Այս պահին դատարանի ամբողջ տարածքում արնանման հետքեր են։

Քննչական կոմիտեն այս դեպքից ևս մանրամասներ է հայտնել։ «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։ Կատարվում է քննություն։

Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։ Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։
Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել