ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։ Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել արբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերերն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որը վերաբերում է ներքին տեղահանված անձնաց ու փախստականների վերադարձին։

«Մարտի 18-ը պետք է նշանավորվեր դեպի Թալիշ հայ բնակչության վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով։ Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից մեկ հիմնական ուղերձ կարելի է դուրս բերել․ նա բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել