Գիշյան Դավիթի շիրմաքարի տակ հոր և որդու նկարն է՝ փոքրիկ շրջանակի մեջ։ Դավիթի պատմությանը շատերդ եք ծանոթ։ Նա զոհվեց գերության մեջ, բայց քչերը գիտեն, որ մինչ այդ 12 ժամ կռիվ էր տվել թշնամու դեմ, հետո նահանջել, ապա կրկին զինամթերք վերցրել ու բարձրացել արդեն թշնամու կողմից գրավված դիրք՝ զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելու։ Բայց վիրավոր վիճակում գերեվարվել էր։ Թշնամին տեսանյութ էր տեղադրել, իբր վիրակապում է նրան, բայց դա թատրոն էր։ Դավիթն արնաքամ լինելով մահացել էր...
Տղայի հայրը վերջերս գրառում էր արել որդու մասին։ Ավելի շուտ՝ դա նամակ էր ուղղված զոհված որդուն։ Նամակ, որի պատասխանը չէր ստանալու։ Երբ կարդացի հասկացա, որ իրոք անկեղծ էր գրված ամեն բան։ Անկեղծ էր Դավիթի շիրիմի կողմից եկող այն տղամարդու լացի ձայնի պես, որը հաճախ լսում եմ Եռաբլուրում...
Որոշ հատվածներ եմ առանձնացրել այդ նամակից.
«․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Դու իմ առաջ պառկած էիր խաղաղ քնի մեջ։
Քո մանկությունը և վերջը նույնացել էին քո դեմքին, հավերժական քնի մեջ քո դեմքին մանկության ժամանակների նույն մանկական արտահայտությունն էր ու այստեղ մի ակնթարթում իմ առաջով անցավ քո 19 տարին, դա խելագարացրեց ինձ։
Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա, հորեղբայրդ ինձ դուրս քաշեց։
Դու Ռեմարկ էիր կարդում՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Արևմտյան ճակատում նորություն չկա» ու Ռեմարկի զինվորի նման մարդ մնացիր արյան ու կյանքի առուծախ պատերազմում...»։
Իմ Դավիթ, որդիս, Եռագույնի, Եռաբլուրի, Հիմնի, Պատվո Պահակախմբի մյուս երեսը Սգի, Տառապանքի, Մեղքի, Ապաշխարանքի ու Հոգու Փրկության լաբիրինթոսներն են. քեզնից հետո մենք էդ մութ ու կիսամութ լաբիրինթներում ենք, 18-20 տարեկան կյանք չտեսածների ընտանիքներ հիմա շատ կան էդ լաբիրինթոսներում․․․ ես էլ գրում եմ այդ լաբիրինթոսների մասին, որ չխելագարվեմ, որ սա չտեսածների համար պարզ լինի այն դժոխքը, որով մենք ենք անցնում...»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել