168.am-ը գրում է․

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումները կարելի է անցկացնել Թբիլիսիում, քանի որ Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար վայր է դրա համար։Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումների համանախագահ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքը Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացել է (խմբ.՝ Հայաստանի և Ադրբեջանի) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, և կարող է կրկին դառնալ նման վայր ինչպես առաջնորդների հանդիպումների համար, այնպես էլ այլ ձևաչափով: Վրաստանն աշխարհագրորեն շատ հարմար է այս առումով, այստեղ կարելի է արագ և հեշտությամբ գալ հարևան երկրներից», – ասել է Կլաարը։

Ինչպես նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, «տրամաբանական է, որ Հարավային Կովկասում գտնվող երեք երկրները փորձեն համագործակցության եզրեր գտնել»։ Նրա խոսքով՝ «կարևոր է, որ Վրաստանի դերը կամուրջ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Կլաարը նաև նշել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել է Վրաստանի միջնորդական դերը Բաքվի և Երևանի հարաբերություններում։

Գործակալությունը հիշեցնում է, որ նախկինում Վրաստանը բազմիցս հանդես է եկել որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այսպես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թ. հունիսին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 15 զինվորականի, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ դաշտերի քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 16-ին Թբիլիսիում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել