Lurer.com-ը գրում է.

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝ 2000-2001թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության պետ, 2001-2005թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, 2005-2006թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական, 2006-2010թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, 2010-2017թթ․ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, 2017-2020թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ, 2020թ․ հուլիսի 24-ից Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա), 2022թ. հունիսի 10-ից համատեղության կարգով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Ներկայումս Բուլղարիահայ համայնքը (ներառյալ ՀՀ քաղաքացիները) ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30.000 մարդ: Բուլղարահայությունը հիմնականում ապրում է Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում, Բուրգասում: Միևնույն ժամանակ փոքր քանակով հայեր բնակվում են նաև Շումեն, Ռուսե, Խասկովո, Ստառա Զագոռա, Պազարջիկ, Յամբոլ, Սիլիստրա, Պլևեն և այլ քաղաքներում։ Առավել աննշան թիվ են կազմում փոքր քաղաքներում և գյուղերում բնակվող մեր հայրենակիցները: Սակայն, չի կարելի ասել, որ դեսպան Եդիգարյանը ակտիվորեն ներգրավված է համայնքային կառույցների հետ համագործակցության մեջ:

Կարելի է առանձնացնել միայն երկու դրվագ: 2021թ. հոկտեմբերի 16-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Կարեն Մովսեսյանի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին: 2022թ. ապրիլի 3-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի կամերային նվագախմբի և մենակատար Նարեկ Կազազյանի (քանոն) համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Դեսպան Եդիգարյանը հավատարմագրերը հանձնելուց զատ բավական սակավաթիվ հանդիպումներ է ունեցել, որոնց շարքում պետք է առանձնացնել հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևի հետ, ինչը բավական թույլ ցուցանիշ է:

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Դեսպան Եդիգարյանը աչքի է ընկել մեկ հարցազրույցով, որում, ըստ էության, ներկայացվում են բավական ընդհանրական մտքեր ՀՀ անկախության տարիների ձեռքբերումների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, անգամ դեսպանատան էջի հետևորդներն են բարձրաձայնում, որ էջում բացակայում է տեղեկությունն Արցախում տիրող իրավիճակի մասին:

Պետք է արձանագրենք, որ չնայած Բուլղարիայում առկա համայնքին՝ վերջինիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել բուլղարական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել