168.am-ը գրում է․

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ-ում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

« Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90 տոկոսով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50 տոկոսով»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը հետագա զարգացման համար անհրաժեշտ է համարում շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը:

« Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։ Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները։

Այս համատեքստում, կցանկանայի կարևորել ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակման և ընդունման կարևորությունը։

Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։

«Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են։ ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականացվել միանգամից։ Այն պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում, ինչը կախված է ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական զարգացման մակարդակից, և, որպես հետևանք, անցումը կպահանջի առկա ճյուղերի արդիականացում, ինչպես նաև նոր ինովացիոն արդյունաբերական ոլորտների ստեղծում։ Ակնհայտ է, որ այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը»,- եզրափակեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել