Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին: 

Նախ տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նրանք կարճատև շրջայց են կատարել համաժողովի շրջանակում բացված բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով: Ցուցահանդեսին ներկայացված է նաև Հայաստանը` առանձին տաղավարով:

Համաժողովի բացմանը Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախական կողմին համաժողովի կազմակերպման համար, որը դարձել է թվայնացման խնդիրների և թվային զարգացման հեռանկարների քննարկման արդյունավետ հարթակ։

Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է։ Մենք մեր կողմից ոլորտային պետական աջակցություն ենք ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։

Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։

Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ միասնական թվային տարածություն ձևավորելիս չպետք է մոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին։

Այս համատեքստում, հատկապես արդիական է համարվում տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը:

Գործընկերներ,

Ալմաթիում 2021 թ.-ին կայացած համաժողովի շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումից հետո մեր կառավարությունն ընդունեց Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։

Նշեմ, որ մինչ ռազմավարական փաստաթղթի ընդունումը մենք արդեն ունեինք թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ, սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը։

Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են.

1. տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում

2. հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում

3. բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն:

Միաժամանակ, բոլոր 3 ուղղությունները փոխկապակցված և փոխլրացնող են։

Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել մեր կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ և հարմարադեպ միջոցներ։ Ակնհայտ է, որ գործնականում չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին։ Սա հստակ ցույց տվեց, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։ Մենք բոլորս բախվեցինք միևնույն մարտահրավերներին և ստիպված եղանք համատեղ ջանքերով հաղթահարել լոքդաունի և բուն համաճարակի հետևանքները։

Մենք սկսել ենք ավելի լայն և խորը օգտագործել թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է։

Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար։ Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որը մշակվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից և ապահովել է մեր երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։

Հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն. իսկապես հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է ինը երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։

Իմ կարծիքով, չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ:

Ես առաջարկում եմ արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել