168.am-ը գրում է․

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել՝  փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել:

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը դիմելով աշխատակիցներին՝ ասել էր, որ գնում են տեսչական մարմին՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով:

Տեսչական մարմնից 168.am-ին հայտնեցին, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  Տեսչական մարմնի արձանագրած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների կատարման հարցը։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Այսինքն՝ տոնավաճառի տնօրինությունը պետք է սեղմ ժամկետում տեսչական մարմնի մասնագետներին ներկայացնի այսօր առկա թերությունների վերացման համար անհրաժեշտ աշխատանքների նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը  բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։

Ընկերության տնօրենը հայտնել է, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է հայտնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը պարզելուց հետո։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն էլ զգուշացրել է տոնավաճառի տնօրինությանը, որ եթե հստակ  ժամկետում անհրաժեշտ ներդրում կատարելու վերաբերյալ դրական դիրքորոշում չհայտնեն, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։

Մեր դիտարկմանը, թե բողոքի ակցիայի ժամանակ տոնավաճառի աշխատակիցներն ասում էին՝ ծխատարի խնդիր է, նման խնդիր դպրոցներում, հիվանդանոցներում ևս կա. արդյո՞ք խոսքը միայն ծխատարի մասին է, և 17 զգուշացումից 12-ը շտկե՞լ են, ինչպես նշում էին ակցիայի մասնակիցները, տեսչական մարմնից պարզաբանեցին.«Միայն ծխատարը չէ, այլ խախտումներ ևս կան: Մի մասը շտկել են, մյուս մասն էլ պատրաստակամություն հայտնեցին, որ պետք է շտկեն»:

Նշենք, որ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի ղեկավարի և ներկայացուցիչների  հետ հանդիպման մասին տեղեկացրել էր.

«Տեսչական մարմնի պետն ընդունեց ինձ և 15 աշխատակիցներին, զրուցեցինք բավականին երկար: Մի ընդհանուր եզրակացության եկանք, որ տեսչական մարմինը նորից մասնագետներ է ուղարկում մեզ մոտ, առաջնային թերություններն արագ վերացնենք»,- ասել էր «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ մնացած աշխատանքների համար (ծխատարներ և դրանց առնչվող մի քանի բան) պետք է նախահաշիվ ներկայացնեն,- «Պետք է հաստատեն և տեսնենք՝ ի վիճակի՞ ենք (մեծ գումարների հետ է կապված), ուրեմն կշարունակենք աշխատել, եթե նախահաշիվն իմանալուց հետո տեսնենք՝ ի վիճակի չենք, ուրեմն ասենք՝ չենք կարող այդ ծախսը դնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել