168.am-ը գրում է.

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է արգելել E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, օգտագործել սննդամթերքի արտադրության մեջ, ինչպես նաև այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, դրանով կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել՝ պարզելու Е128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն, և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Ուստի եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 26-ի 884/2007 որոշմամբ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելման օգտագործումը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության պետական գլխավոր սանիտարական բժշկի N 69 որոշմամբ վերը նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումը դեռ 2007 թվականի սեպտեմբերի 3-ին է արգելվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Շրջանառության մեջ դրված նախագծի հեղինակների պնդմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում E 128 սննդային հավելումը քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ E սննդային հավելումների վտանգավորության մասին իրենք բազմիցս են բարձրաձայնել.

«Կան շատ E սննդային հավելումներ, որ ընդհանրապես չի կարելի օգտագործել: ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույնիսկ Ռուսաստանում արգելված են: Սկսած 1997թ.-ից մեր ամսագրերում արդեն այդ E սննդային հավելումների մասին գրվում էր, թե ինչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Հետագայում մենք խոսել ենք չօգտագործվող E հավելումների մասին»,- նշեց Մելիտա Հակոբյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ավելի վաղ անդրադառնալով սննդային հավելումներին՝ նշել էր. «Հայաստանի Հանրապետությունում իրացվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի բաղադրության մեջ սննդային հավելումների առկայության դեպքում մակնշման վրա պետք է նշվեն սննդային հավելումի գործառութային (տեխնոլոգիական) նշանակությունը (օրինակ՝ թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր և այլն) և սննդային հավելման անվանումը (օրինակ՝ սորբինաթթու), որը կարող է փոխարինվել սննդային հավելման ծածկագրով (օրինակ՝ Е 200)։

Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումը և ընտրել սննդամթերքը` ելնելով նաև նրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից: Որպես կողմնորոշիչ, օրինակ, հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետևյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ և սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերևային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների և քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի):

Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշման՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը և E924a, E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի և հացի):

Նշենք նաև, որ մթերքի որակական բարելավման կամ սննդային արժեքի բարձրացման նպատակով սննդամթերքին ավելացվող նյութերը (օրինակ` վիտամիններ, ամինաթթուներ, որոշ միկրոէլեմենտներ և այլն) սննդային հավելումներ չեն համարվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել