Արցախում շաբաթներ առաջ սկսված լարումը շարունակվում է. նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները որեւէ կերպ չեն վերադառնում ստարտային վիճակին։

Մեր տեղեկություններով՝ վիճակն այնքան է լրջացել, որ Արայիկ Հարությունյանը ռուս խաղաղապահների միջոցով երեկ մեկնել է Մոսկվա։ Այցի նպատակը քաղաքական իրավիճակի հանգուցալուծում գտնելն է: Հարությունյանն առաջարկելու է, որ Ռուսաստանը եւ Արցախում տեղակայված խաղաղապահները երաշխավորեն արտահերթ ընտրությունների անցկացումը կամ ընտրություն կատարեն իր եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ, քանի որ համոզված է` քանի դեռ պետնախարարի պաշտոնին Վարդանյանն է, ադրբեջանցիները ճանապարհը չեն բացելու։
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 14-ին անսպասելի լուրեր տարածվեցին թե՛ Վարդանյանի, թե՛ Հարությունյանի հնարավոր հրաժարականների մասին:

Ըստ լուրերի՝ ադրբեջանցիները Վարդանյանի հրաժարական էին պահանջել, վերջինս հրաժարվել էր ներկայացնել, այդ ժամանակ Հարությունյանը հայտարարել էր, թե ինքն էլ հրաժարական կտա, որ գնան արտահերթ ընտրությունների` նոր խորհրդարան եւ նոր կառավարություն ձեւավորվի: Սակայն ռուսները հրաժարվել էին ապահովել ընտրությունների անցկացումը, եւ Արցախի իշխանությունները հասկացել էին, որ արդյունքում կառաջանա սահմանադրական ճգնաժամ, եւ Արցախը կզրկվի իշխանությունից` հեշտացնելով Ադրբեջանի գործը։ Կողմերին հաշտեցնելու միջնորդություն էին ստանձնել Արցախի նախկին նախագահները․ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Արայիկ Հարությունյանին համոզել են այդ քայլին չգնալ, Արցախը ցնցումների չտանել: 
Այս իրադարձություններից արդեն մի քանի շաբաթ է անցել: Թվում էր, թե իրավիճակը հանդարտվել է, եւ նախկին ընկերները` Ռուբեն Վարդանյանն ու Արայիկ Հարությունյանը, վերականգնել են նախկին հարաբերությունները, սակայն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում, մի կաթսայում երկու գլուխ չի եփվի, եւ նրանց հարաբերություններն օրեցօր սրվում են։ Բանն այն է, որ չնայած ի սկզբանե ընկերներ Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը պայմանավորվել էին սահուն փոխանցել իշխանությունը, իսկ մինչ հերթական ընտրությունները համատեղ լծվել Արցախի տնտեսական հզորացմանը, սակայն Ռուբեն Վարդանյանի կտրուկ հայտարարություններն ու քայլերը գլխացավանք են ստեղծել Արայիկ Հարությունյանի համար։ Նախ՝ ՀՀ իշխանությունների հասցեին կոշտ քննադատությունները, բացի այդ, Արցախի մեր աղբյուրի բնորոշմամբ՝ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո որդեգրել էր հաշտեցման, համագործակցության ճանապարհը եւ մարդկանց անգամ  սեփական գրպանից էր աջակցում, որ բողոք չառաջանա, շատերին աշխատանքի էր ընդունել պետական ապարատում, հետպատերազմական շրջանում ստեղծված հիմնադրամներից էր աջակցություններ ցուցաբերում: Իսկ Վարդանյանը դեմ է այդ քաղաքականությանը եւ զանգվածային ազատումների ու կոնֆլիկտների է գնացել։

Կողմերի դիրքորոշումները տարբեր են նաեւ Արցախի ապագայի հարցում։ Արայիկ Հարությունյանը կողմ է Ադրբեջանի հետ «բանակցելու», տեղ-տեղ ընդառաջելու մոտեցմանը, իսկ Վարդանյանը կտրուկ դեմ է՝ պետք է դիմադրել ու ոչ մի սանտիմետր չզիջել. խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը։ Ի դեպ, վերջին օրերին Հարությունյանը եւ Վարդանյանն առանձին-առանձին հանդիպումներ են ունենում արցախցիների հետ, եւ չնայած այդ հանդիպումները լավ չեն լուսաբանվում, բայց նկատելի է, որ նրանք հեռակա բանավեճի մեջ են՝ փորձում են մեկմեկու սխալ հանել, տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է սկսվել, եւ ժողովրդի համակրանքը շահելու խնդիր կա։ Ավելին, կիրակի օրը Հարությունյանի եւ մի քանի տասնյակ արցախցիների հանդիպմանը վերջինս բառացի ասել է. «Մեզ պետք է ժողովրդի մանդատ, որ գնանք Ադրբեջանի հետ զրույցի, Ադրբեջանը չի բանակցելու, մոռացեք, պետք է գնալ զրուցել, այս հանդիպումները դրա համար են, որ հասկանանք՝ ժողովուրդն ինչ է ուզում»: Հետո Արցախի նախագահն ասել է, որ ինքը պատերազմից առաջ է նախագահ ընտրվել` սոցիալական ծրագրով, նման մանդատ, ըստ էության, չունի։ Հավելել է նաեւ, որ այս պահին ընտրությունները, հանրաքվեն իրատեսական չեն, որ ժողովուրդը որոշի, ուստի նման հանդիպումներով ինքը պետք է հասկանա` ունի՞ ժողովրդի աջակցությունն այդ հարցում, որ վաղը եթե հանդիպի ադրբեջանցիներին, իրեն չասեն, թե դավաճան է: «Մենք պետք է հանդիպումներ ունենանք ադրբեջանցիների հետ՝ իհարկե, ռուսների միջնորդությամբ»,- ասել է Հարությունյանը: Ապա հասկացրել, որ ռուսների վրա հույս դնել չի կարելի, եւ մինչ օրս ինչ արել են, ուղիղ բանակցությունների միջոցով են արել։ Եվ հիշեցրել է անցած տարվա օգոստոսյան դեպքերը, երբ առաջին անգամ փակել են ճանապարհը, եւ Ադրբեջանի հետ խոսելով, նրանց մուտքը Սարսանգ թույլատրելուց հետո է հնարավոր եղել ճանապարհը բացել։ «Տարածաշրջանում, ցավոք, մենք այսօր մնացել ենք միայնակ․․․ Տարածաշրջանն ինչ-որ տեղ գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, սա մենք պետք է իմանանք, Շուշիում կնքվել է թուրք-ադրբեջանական դեկլարացիա, որով Թուրքիան պատրաստակամություն է ստանձնել Ադրբեջանի պաշտպանության հարցում։ Այսինքն, պատերազմ Ադրբեջանի դեմ՝ նշանակում է պատերազմ Թուրքիայի դեմ, արդյոք Արցախն ու Հայաստանը պատրա՞ստ են դրան, պատերազմն այսօր դա ղարաբաղցիների ու Ղարաբաղի վերջին էջն է, անհնար է կռվել 1 միլիոնանոց թուրքական բանակի հետ, որն այսօր Աղդամում է»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ասել է, որ Արցախն այսօր ավելի շատ զենք ու զինամթերք ունի, քան Հայաստանը, բայց դա քիչ է, պետք է ժամանակ շահել, ուժեղանալ, ամրանալ. «Ադրբեջանը 26 տարի պատրաստվեց, այն դեպքում, երբ 22 տարի հետո փորձեցին (նկատի ունի ապրիլյան պատերազմը), չհաջողեցին: Հաջողեցին, երբ թուրքական բանակն օգնեց Ադրբեջանին»:

Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը երեք տարի առաջ Արայիկ Հարությունյանն աղմկահարույց հայտարարություն արեց, թե 2016 թվականին էլ էր Արցախի օդն անպաշտպան, եւ ինքը տասնյակ անօդաչուներ է տեսել։

Ինչեւէ, նշենք, որ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունները պարտադրվում են ՀՀ իշխանությունների կողմից, որոնք բաց հայտարարում են` մենք այլեւս ձեր հարցով չենք բանակցելու: Ա. Հարությունյանը, իհարկե, նշում է, որ այդ բանակցությունները պետք է լինեն ռուսական միջնորդությամբ, բայցեւ հավելում, որ նրանք զրո դերակատար են, եւ մեր հարցի լուծումը մեր ձեռքում է․ «Պարբերաբար շփումներ են եղել Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հետ, որոնց արդյունքում 1600-ից ավելի դիակ են մեզ հանձնել եւ 6 ողջ մարդ, օգոստոսի 22-ին էլ, երբ ճանապարհը պետք է փակվեր, ո՛չ միջազգային ճնշումները, ո՛չ ռուսների միջնորդությունը արդյունք չտվեցին, եւ մենք հանդիպելով` հասանք արդյունքի»։

Ուշագրավ է, որ հիշյալ հանդիպումից բառացիորեն երկու օր առաջ պետնախարար Վարդանյանն էլ Մարտակերտում էր հանդիպել մարդկանց հետ եւ պարծեցել․ «Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը»։ 

Փոխարենը Ռուբեն Վարդանյանը դեմ է Ադրբեջանի պահանջներին ընդառաջելուն, կարծում է, որ ամեն օր կարող են նոր պահանջներ ներկայացնել, եւ պետք է ամեն գնով դիմադրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վարդանյանն ասել է՝ այս իրավիճակում հնարավոր բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարել. «Պայքար՝ չի նշանակում պատերազմ։ Պայքարել՝ նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»։ Նա հիշեցրել է, որ միջազգային կարեւոր դերակատարները եւս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ: 
Արցախում մեծ անհանգստությամբ սպասում են ռուսաց թագավորի պատասխանին՝ ում կնախընտրի Մոսկվան՝ Արայիկ Հարությունյանի՞ն, թե՞ Ռուբեն Վարդանյանին. Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությո՞ւնը, թե՞ կոշտ առճակատումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել