Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2 տարի Տավուշի մարզպետ, արտահերթ ընտրություններից հետո 4 ամիս էլ ԲՏԱ նախարար աշխատած Հայկ Չոբանյանն այսօր IT ոլորտում է․ նա անցյալ տարի ընտրվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն։ Որպես նախկին մարզպետ խոսելով Տավուշի մարզում ենթադրյալ ոչ հայկական տարածքների մասին՝ նա իր երբեմնի քաղաքական թիմից արմատապես տարբերվող կարծիք հայտնեց։

Երբ նկատեցինք, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում նաեւ Տավուշի մարզի որոշ տարածքների նկատմամբ, իսկ ներկայիս մարզպետն ու նրա պատգամավոր եղբայրն էլ հայտարարում են, թե մենք Տավուշի մարզում ունենք անկլավներ, որոնք ադրբեջանական տարածքներ են եղել, ուստի կարող են վաղը «վերադարձվել» Ադրբեջանին, Չոբանյանն ասաց․ «Ես էս հարցին ուղիղ անդրադարձել եմ նաեւ մարզպետ եղած ժամանակ ու նույնը կասեմ հիմա՝ Տավուշն օտար տարածք չունի, բոլոր տարածքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, ավելին՝ մենք ունենք կորցրած տարածքներ, եւ այդ տարածքների սակարկման ո՛չ արտաքին, ո՛չ ներքին քննարկումն ինձ համար ընդունելի չէ։ Եվ էդ տարածքների, ինչպես նաեւ ՀՀ ցանկացած տարածքի վերաբերյալ թշնամու հոխորտանքը կամ կորցնելու վտանգը վտանգ է բոլորիս համար, եւ ես՝ որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, պարտավոր եմ ամեն ինչ անել, անկախ նրանից՝ այս պահին որտեղ եմ, վաղը որտեղ կլինեմ, որպեսզի դա տեղի չունենա։ Եվ չեմ ուզում Տավուշն առանձնացնել, այլ սա պետք է տարածենք մեր ամբողջ երկրի եւ հայրենիքի նկատմամբ, որովհետեւ պետականությունը երեք հիմնական սյուների վրա է հիմնվում՝ տարածքը, բնակչությունը եւ արժեքները։ Այս երեքն էլ պետք է լինեն անվերապահ բարձրագույն արժեք՝ բոլորիս կողմից պահպանման համար։ Եվ որեւէ մեկը եթե սակարկի, մենք պետք է դա դնենք լուրջ քննարկման»։

Նա հիշեցրեց, որ իր՝ մարզպետ եղած ժամանակ բավականին խիստ պատասխան էր տալիս նման հարցերին եւ նույնիսկ հայտարարել է, որ դատի կտան բոլորին, ով կփորձի պանիկա մտցնել՝ իբրեւ թե տարածքներ կարող են հանձնվել Ադրբեջանին։ «Ես կարծում եմ՝ դա հիբրիդային պատերազմի արդյունք է, եւ կարծում եմ՝ սա ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության հետեւանք է, եւ մենք հիմա ջուր ենք լցնում իրենց ջրաղացին։ Ես կուզեմ, որ այս թեման մենք ընդհանրապես քննարկման առարկա չդարձնենք»,- ասաց Հայկ Չոբանյանը։

- Բայց քննարկման առարկա դարձնում են իշխանականները, պարոն Չոբանյան։

- Հասկանում եմ, ու իրենց էլ պետք է ասել՝ եղբայր, էս թեման քննարկման առարկա չէ, ու բոլորը պիտի հասկանան, որ ո՛չ բարոյական, ո՛չ ռազմավարական, ո՛չ ազգային անվտանգության տեսանկյունից էս թեման նույնիսկ չի կարելի շրջանառել։

- Բայց մարդիկ արդեն պատրաստ են սակարկել եւ հանձնել այդ տարածքները։

- Դե, էդ ով որ պատրաստ է, իրեն պետք է գնահատական տալ եւ անցնել առաջ, ասել՝ էդպիսի թեմա չկա։ Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանը՝ որպես հայրենիք, անսակարկելի տարածք է, եւ մենք ունենք միայն կորուստներ էս առումով, որը, ցավոք սրտի, չի կարողանալու լիարժեք վերականգնել, եւ թողնելու ենք հաջորդ սերունդներին։

- Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում այս իշխանությունների կողմից այսպիսի սակարկությունները, այսօրինակ հայտարարությունները կամ այն, որ չեն ասում՝ այո, դրանք մեր տարածքներն են։

- Ես կարծում եմ՝ ամեն ինչ թուլության նշան է, ստատուս քվոյի նշան է, թե որքանով ենք մենք ռազմական տեսանկյունից, անվտանգային տեսանկյունից, քաղաքական տեսանկյունից պատրաստ՝ հակազդելու այդ հիբրիդային պատերազմներին։

- Իսկ հայրենասիրության պակասի, եթե չասենք, դավաճանության նշան չէ՞, արդյոք։

- Հայրենասիրությունը եւս կարեւոր հանգամանք է, բայց հայրենասիրությունը հայտարարություն չէ, այլ գործողություն է։

- Տեսեք` Դուք ասում եք, որ սիրում եք մեր հայրենիքն իր բոլոր սահմաններով, եւ որ դրա ոչ մի մետրը սակարկման ենթակա չէ, բայց մարդիկ կան, որ ասում են, թե․․․

- Տեսեք՝ սերը գործողություն է, իսկ գործողությունը տնտեսությունը զարգացնելն է, անվտանգությունը զարգացնելն է, եւ էսպիսի թեմաների մասին եթե չես կարողանում կարծիք հայտնել, չգիտես ինչ ասել, ավելի լավ է ասես, որ կարծիք չունեմ, քան թե հայտնես էնպիսի կարծիք, որով ջուր ես լցնելու թշնամու ջրաղացին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել