Տղաս զոհվել է Հադրութում, ընկել է շրջափակման մեջ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է զոհված զինծառայողներից մեկի հայրը:

«Ընկերները զոհվել էին, մնացել էր միայն ինքը: Զանգել է փոքր եղբորը, ասել է, որ ընկերները զոհվել են, մնացել է ինքը, հետո փոքր եղբայրը լսում է հարձակվողների ձայները: Էդպես զոհվել է: Հոկտեմբերի 19-ին, ժամը 5:30 զոհվել է, երեկոյան արդեն հանել են, դա էլ էր հետաքրքիր»,- ասաց նա:

Խոսելով բանակը ոտքի հանելու մասին՝ զոհված զինծառայողի հայրը նշեց, որ Հայաստանը երկու մասի է կիսված. «Եթե ներքին թշնամիները չխանգարեն, շուտ ոտքի կկանգնենք: Նիկոլին թերություններ շատ ունի, ով չունի, բայց 30 տարի քանդել եք, հիմա եկել, բարդում եք էդ մարդու վրա: Թողեք ոտքի հանի»:

Խոսելով զինվորական կացարանում բռնկված հրդեհի, 15 զինծառայողի մահվան և դրա մեղավորների մասին՝ զոհված զինծառայողի հայրը նշեց. «Նիկոլը բոլորի հետևից գնա՞: Զինվորականի մեղավորությունն է: Ես համոզվել եմ, որ ահագին բանից տեղեկություն էլ չունի Նիկոլը, օրինակ 15 զոհերի կապակցությամբ պետք է չխոսար, ասեր՝ ընթացքի մեջ է, կպարզվի, կասենք, իրեն երևի տենց են զեկուցել, տենց էլ խոսում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել