Lurer.com-ը գրում է.

Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակեց իր կարիերայի վերածնունդը՝ երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն նրա ուղերձը նույնքան ուշադրության արժանացավ, որքան նրա ելույթը։ Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ և չորրորդ փուլի հանդիպումներից հետո Կարեն Խաչանովը տեսախցիկի վրա կարգախոսներ էր գրել՝ ի աջակցություն 45 օր Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության։

Ավանդույթի համաձայն, խոշոր մրցաշարերի հանդիպումների հաղթողները հնարավորություն ունեն հեռարձակման վերջում նկարել հեռուստադիտողների համար հասանելի կարճ հաղորդագրություն:

Նախ Խաչանովը անգլերեն գրել էր «Artsakh, stay strong!!!» («Արցախ, ամուր մնա»), իսկ երկու օր անց՝ «Keep believing and fighting until the end. Artsakh stay strong!» («Շարունակիր հավատալ ու պայքարել մինչև վերջ։ Արցախ, ամուր մնա»):

The Guardian-ն այս առնչությամբ մեջբերում է անձամբ թենիսիստին. «Ես բազմիցս ասել եմ, որ հայկական արմատներ ունեմ։ Հայրիկի, պապիկի, նույնիսկ մայրիկի կողմից: Ես կիսով չափ հայ եմ։ Անկեղծ ասած, չեմ ուզում մանրամասնել: Ես ուղղակի ուզում էի ուժ ու աջակցություն ցույց տալ իմ ժողովրդին։ Այսքանը»:

Պարբերականը նաև անդրադարձել է Արցախի շրջափակմանը. «Ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցի ցուցարարները փակել են ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարները ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից։ Ադրբեջանը, որ չի ընդունում, որ շրջափակում կա, երեքշաբթի օրը թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում պահանջել է պատժել Խաչանովին իր ուղերձի համար:

Խաչանովն իր ուղերձներում չի հիշատակել Ադրբեջանը և ասել է, որ ITF-ից որևէ հաղորդագրություն կամ հանդիմանություն որևէ մեկից չի ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել