Tert.am-ը գրում է.

Հունվարի 24-ի երեկոյան  կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար  հավաք՝  «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից:

Միջոցառման նպատակն էր Արցախի  բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով  ստեղծված  իրավիճակը, օրեցօր խորացող  հումանիտար խնդիրները,  ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:

Որպես հիմնական  բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և  ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ  հարցերին պատասխանել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարը շնորհակալություն է  հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում  անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու  կամքի ուժը, և  ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք  ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:  Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի  պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել