«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը, որի հիմնադիրներից ու ֆինանսավորողներից մեկն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, նախատեսում է մարտի 10-12-ը մեծ համաժողով անցկացնել Երեւանում, որին մասնակցելու են ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից ներկայացուցիչներ։

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Արտակ Ապիտոնյանն է, ով 2021 թվականի հունիսի 8-ին` մյուս երկու փոխնախարարների հետ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց աշխատանքից, նախարար Արա Այվազյանի հրաժարականից անմիջապես հետո։ Հիմնադրամի ներկայացուցիչներն այս օրերին հարցազրույց-քննարկումների շարք են սկսել տարբեր հեռուստատեսային հարթակներով, որտեղ լուծումներ են առաջ քաշվում, եւ այդ լուծումները համաժողովի ընթացքում դրվելու են նաեւ հանրային քննարկման։

Մենք տեղեկացանք, որ հարցում են կատարել, թե ինչ թեմաներ են այսօր առաջնային, ու ընտրվել է երեք թեմա՝ Հայաստան-Սփյուռք, միասնականություն-պատմական պատասխանատվություն եւ ժողովրդագրական խնդիրներ։ Այս երեք թեմաներով հանձնախմբեր են ձեւավորել, որտեղ լուծումներ են առաջարկելու գիտական եւ կիրառական մակարդակով ընտրված փորձագետները։
Արտակ Ապիտոնյանը մեր հարցին՝ սա ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ հասարակական կառույց է, դիվանագիտական պատասխան տվեց․ «Նայած՝ ինչ ենք հասկանում քաղաքական ասելով․ սա հասարակական ֆորմատ է, բայց մեզ մոտ էդ տերմինոլոգիան՝ քաղաքականն ու կուսակցականը, մի քիչ խառնվել է իրար։ Իհարկե, քաղաքական է, որովհետեւ, եթե մենք քննարկում ենք Հայաստանի եւ Սփյուռքի ապագան, դրա մեջ քաղաքականություն կա, բայց դա կուսակցական չէ։ Այսինքն՝ ինքը կուսակցական դաշտից չէ, ավելի հասարակական, հանրային քննարկումններ են, բայց քննարկում ենք քաղաքական խնդիրներ»։

Նրա խոսքով՝ իրենց մոտեցումը պետք է վերկուսակցական լինի, եւ իրենք ուզում են երկարաժամկետ լուծումներ առաջարկել։ Այսինքն՝ իշխանափոխության հարց չի՞ դրվելու այս նախաձեռնության առանցքում։

«Եթե մենք խնդիրը դնում ենք երկարաժամկետ գաղափարների վրա, անկախ նրանից՝ ով կգա իշխանության, փորձենք այդ գաղափարներն իրականացնել։ Այսինքն՝ կուսակցությունները տեղավորվում են ընդհանուր ազգային ստրատեգիաների մեջ։ Հիմա մենք ազգի ստրատեգիան գծելու կարիք ունենք։ Էդ կարճաժամկետ ծրագրավորումից հարցեր չենք կարողանում լուծել։ Հիմա մենք պետք է փորձենք երկարաժամկետ պատասխաներ տանք, որպեսզի հետո արդեն ով էլ գա իշխանության, կարողանա հասկանալ, որ մեր անցնելիք ճանապարհը սա է»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել