Ողջունելով Իրանի և Ռուսաստանի միջև զարգացող տնտեսական հարաբերությունները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ երկու երկրների կարողությունները կարող են լրացնել միմյանց՝ սպասարկելով փոխադարձ և տարածաշրջանային շահերը։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին ասել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում և բարելավվում են։

«Երկու երկրներն ունեն տարբեր, բազմաթիվ կարողություններ էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում, որոնք կարող են ակտիվացվել համագործակցությունը զարգացնելու համար»,- հավելել է նա։

Նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը հետևում է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը՝ հավելելով. «Երկու կողմերի կարողությունները կարող են փոխլրացնել միմյանց, և դրանց օգտագործումը, բացի երկու երկրների շահերն ապահովելուց, կարող է տալ տարածաշրջանային օգուտներ»։

Իր հերթին Վոլոդինն ասել է, որ Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և հարևանության հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ կարող են նպաստել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության մակարդակի բարելավման վերաբերյալ նույն մոտեցումն ու կարծիքն ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը, և մեր օրակարգը հիմնված է երկու երկրների ղեկավարների՝ համագործակցության շարունակական զարգացմանը ձգտելու կամքի վրա»,- ասել է նա։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել