Ազգային ժողովի խորհրդի երեկվա նիստում իշխանությունը որոշեց, որ «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի մանդատից զրկելու հարցով չի դիմի Սահմանադրական դատարան։ Բացակայությունների հիմքով շուրջ երկու տասնյակ պատգամավոր, ըստ ՔՊ-ի, հայտնվել էր մանդատից զրկվելու խնդրի առջեւ, սակայն նիստից հետո պարզ դարձավ, որ նրանք միայն իշխանության «մեծահոգության» շնորհիվ են պահպանելու մանդատները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս առիթով ասաց՝ քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, իրենք նպատակահարմար չեն գտնում դիմել բարձր դատարան։ Զրուցեցինք «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ։

- Պարոն Մինասյան, ինչո՞ւ իշխանական Ձեր գործընկերները նման «մեծահոգություն» ցուցաբերեցին, տպավորություն է, որ համերաշխ եւ համագործակցային փոխհարաբերությունների մեջ եք նրանց հետ։

- Դուք իսկապե՞ս այդպես եք կարծում։ Այո, այդ հարցն իրենց որոշելիքն է, բայց դուք նայեք-տեսեք, թե ինչ է կատարվում՝ քաղաքական հետապնդումների մի նոր շղթա են սկսել, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից հերթով փորձում են հանցագործներ կերտել, չի ստացվի՝ ժողովուրդն ու հասարակությունը՝ գոնե այն մարդիկ, ովքեր մտահոգ են մեր ապագայով, հասկանում են, թե ինչ ազգադավ ծրագիր են այս մարդիկ կիրառում։

- Դուք խոսում եք գլխավոր դատախազի երկու միջնորդությունների մասին․ մեկը՝ Սեյրան Օհանյանի, մյուսը՝ Արմեն Չարչյանի դեմ։ Բայց մյուս կողմից փաստ էր, չէ՞, որ թույլատրելի բացակայությունները գերազանցել էիք, ու այս հիմքով ՔՊ-ն ուներ հնարավորություն՝ մանդատներից զրկելու հարցով դիմելու ՍԴ։

- Փաստ չէր, եւ հարցն էլ հենց դա է, սահմանադրականության հարցում մեծ խնդիր կար։ Ավելին ասեմ՝ ես շատ ուրախ կլինեի, որ իրենք նախաձեռնեին եւ մտնեն ՍԴ ու ստանային պարզաբանում՝ ինչ են նշանակում քվեարկությունների կեսից ավելի անհարգելի բացակայություններ։ Սա հակասում է թե՛ միջազգային պառլամենտարիզմի փորձին, թե՛ Սահմանադրությանը եւ թե՛ բազմաթիվ այլ բաների։ Հիմա եթե իրենք չեն դիմում, նշանակում է՝ իրենք եւս գիտակցում են, որ կա խնդիր։ Մենք չենք բացառում, որ ՍԴ-ում ինքներս այս հարցը վեճի քննություն դարձնենք, թե ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ խնդրո առարկա դրույթը համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքին, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ մեր խորին համոզմամբ, այստեղ կա իրավունքի բաց, սխալ մեկնաբանություն, եւ իշխող քաղաքական ուժի կողմից հաճախ մահակ, գործիք է օգտագործվում՝ ընդդիմությանն անընդհատ ինչ-որ ռամկաների մեջ պահելու նպատակով։

- Խոսքն այն մասին է, որ նիստերին, հետեւաբար՝ քվեարկություններին չեք մասնակցել, եւ դա ե՞ւս քաղաքական բոյկոտի ձեւ է, ուստի հակասում է միջազգային օրենքներին։

- Ավելին, քաղաքական առումով այն, ինչ իրենք արեցին, ոչ այլ ինչ է, քան սեփական քաղաքական շահերից ելնելով՝ հանրային ճնշման շրջանակներում, այսպես ասած, հիմնավորման ներկայացում, ավարտված նրանով, որ իրավական առումով այն մեկնաբանությունը, որ իրենք տալիս են, աբսուրդ է։ Եթե հետ գնանք, 2004 թվականին ԱԺ կողմից ընդունված կանոնակարգ օրենքի փոփոխության հիմնավորումները դիտարկենք, թե ինչ է նշանակում քաղաքական բոյկոտ (հենց այն ժամանակ քաղաքական մեծամասնությունն «Արդարություն» դաշինքի մասով այդ փոփոխությունն արեց), ապա պարզ կդառնա։ Ի՞նչ հիմնավորումներ էին իրենք ներկայացնում․ հստակ շարադրված էր, որ քաղաքական բոյկոտն անհրաժեշտություն է, այդ թվում՝ նաեւ ընդդիմության կողմից համարժեք քայլեր իրականացնելու ուղղությամբ։

- Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՍԴ չդիմելու կապակցությամբ հայտարարեց, թե քանի որ դուք վերադարձել եք խորհրդարան, այլեւս մանդատից զրկելու իմաստ չեն տեսնում։ Ըստ Ձեզ՝ այսպիսով ի՞նչ ուղերձ է փորձում իշխանությունը փոխանցել հանրությանը, թե տեսեք՝ քանի որ մեզ խելոք-խելոք լսեցին, ուրեմն չե՞ն պատժվի։

- Ես չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում դրանով ասել, դուք տեսնում եք, որ վերջին շրջանում Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ականներն անգամ մեզնից քվեարկության վերաբերյալ հիմնավորում են հարցնում, սա խայտառակություն է։ Փոխանակ իրենք իրենց քվեարկությունը բացատրեն եւ բացատրեն, թե ինչու էին նախընտրական շրջանում մուրճն օրորելով ամպագոռգոռ հայտարարություններ անում, դոշ ծեծում՝ հայրենիքը պաշտպանելու դիրքերից, իսկ այսօր ուղիղ հակառակ գործընթացների մեջ են՝ որքան հնարավոր է թուլացնում են հայրենիքը։ Այս մարդկանց ո՛չ մասնագիտական, ո՛չ հանրային պահվածքում ողջամիտ բացատրություն գտնել հնարավոր չէ, բացառությամբ մեկ բանի՝ սեփական աթոռը պահելու համար պատրաստ են ամեն ինչի։

- Գուցե ՔՊ-ում հասկանալով, որ ՍԴ-ում չեն հաջողելու, դրա համար են իրավական պրոցեսին զարկ տվել, հիմա ուզում են որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից, չի բացառվում՝ հետագայում նաեւ մանդատից զրկել։

- Ես դժվարանում եմ իրենց մտքի թռիչքը հասկանալ, մեր եւ իրենց արժեքային համակարգը տարբեր է։ Նվազագույն դաստիարակությունը ենթադրում է, ասենք, որ ճանապարհ անցած  մարդու նկատմամբ պետք է  հարգանք ցուցաբերել։

- Խոսքը Սեյրան Օհանյանի, Արմեն Չարյանի մասին է, որոնց վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել։

- Առհասարակ, խմբակցության այլ պատգամավորների մասին եւս, որոնք պետության կայացման հարցում դերակատարներ են եղել։ Այս մարդկանց մոտ դա բացակայում է․․․ հիմա ես ո՞նց հասկանամ իրենց մտքի թռիչքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել