Armenpress.am-ը գրում է.

2023 թվականի հունվարի 19-ին զինվորական վաշտի կացարանում բռնկված աղետալի հրդեհի զոհ դարձած ժամկետային զինծառայող Համլետ Սպարտակի Դավթյանի աճյունը հողին է հանձնվել հայրենի Մարտունի քաղաքի գերեզմանատանը, զինվորական կարգով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Համլետ Դավթյանին հարազատները, համաքաղաքացիները, ընկերները վերջին հրաժեշտն են տվել Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հոգեհանգստյան կարգ է կատարվել ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի։

Համլետ Դավթյանի հոգեհանգստյան արարողությանը եւ վերջին հրաժեշտին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, պաշտոնական այլ անձինք։

Համլետ Դավթյանը ծնվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում 2002 թվականին։ 2009-2018 թվականներին սովորել եւ ավարտել է Մարտունու Մնաց Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը, ապա ուսումը շարունակել Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի «Համահաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային պլանավորում» բաժնում, որտեղ երեքուկես տարի սովորելուց հետո, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ 2022 թվականի փետրվարի սկզբին։ Մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով ծավալված մարտական գործողություններին։

«Համլետը շատ համեստ, խելացի երեխա էր, ուսուցիչների եւ ընկերների կողմից սիրված ու հարգված։ Ցավ ենք ապրում մենք նրա կորստյամբ, անասելի ցավ։ Բայց նա լրացրեց մեր դպրոցի այն անմահ հերոսների շարքերը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանը, ովքեր իրենց հայրենանվիրությունն ապացուցեցին անձնազոհությամբ։ Խոնարհվում  ենք նրանց սուրբ հիշատակի առաջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը։

Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Յուրա Սուքիասյանն էլ նկատեց, որ Համլետն իրենց ակտիվ, խելացի  ուսանողներից էր.

«Նրան հաշված ամիսներ էին մնացել՝ ուսումն ավարտելու, վկայական ստանալու համար, սակայն նա մեկնեց զինվորական ծառայության։ Նա բազմաթիվ ազնիվ նպատակներ ու երազանքներ ուներ, որոնք, ավաղ, չհասցրեց իրականացնել։ Ամբողջ կոլեկտիվով խոնարհվում ենք մեր Համլետի սուրբ հիշատակի առջեւ»:

Համլետ Դավթյանի ազգական Սամվել Դավթյանը պատմեց, որ մինչ զինվորական ծառայության մեկնելը՝ Համլետը կորցրել էր մորը։

«Նա երկու քույրերի միակ եղբայրն էր, տան միակ արու ժառանգը։ Փաստորեն, փրկվելով 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի մահաբեր ճիրաններից՝ Համլետը զոհ գնաց ողբերգական պատահարին՝ իր ծառայակից 14 ընկերների հետ միասին։ Սգում է ամբողջ Մարտունին, սգում է ամբողջ Հայաստանը»,-նշեց նա:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել