Tert.am-ը գրում է.

Հունվարի 19-ին տեղի է ունեցել հրեշավոր հրդեհ Գեղարքունիքի մարզում և խլել է մեր 15 զավակների կյանքը, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզից զորակոչված ժամկետային զինծառայողի: Այս մասին Գեղարքունիքի մարզում Պարեկային ծառայության գործարկման մեկնարկին ելույթ ունենալիս նշել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով մարզում ծառայության գործարկման մասին՝ Փաշինյանը նշել է. «Գեղարքունիքի մարզը միակն է, որտեղ պարեկային ծառայությունն իրականացնելու ենք երկու փուլով: Հաջորդ փուլում կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը»:

Փաշինյանը նշել է, որ դա կլինի այն ժամանակ, երբ ՀՀ բոլոր մարզերում կգործարկվի ցամաքային Պարեկային ծառայությունը:

Նա ընդգծել է՝ ոստիկանությունն ունի կարմիր գիծ և այդ կարմիր գիծն օրենքն է, այն որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա:

«Այս պայքարում մեր հակառակորդը քրեական մտածելակերպն է, որը արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած մինչև իրավապահ համակարգ, պետական և զինվորական ծառայություն: Դա մեր թիվ մեկ հակառակորդն է: Ձեր ծառայության շնորհիվ հանրությունը պիտի վերաբերմունք ձևավորվի պարեկային ծառայության նկատմամբ»,- նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել