Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանի Գոա նահանգ մեկնող Azur Air ավիաընկերության ինքնաթիռն ստիպված վայրէջք է կատարել ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունից հետո: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Ուզբեկստանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Ani գործակալությունը:

Բարձրաստիճան ոստիկանի խոսքով՝ Պերմից մեկնող չվերթը պետք է վայրէջք կատարեր Գոայի Դաբոլիմ օդանավակայանում առավոտյան ժամը 04:15-ին: Նրա հավաստիացմամբ՝ Azur Air ավիաընկերության կողմից իրականացվող չվերթը (AZV2463) հետաձգվել է նախքան Հնդկաստանի օդային տարածք մտնելը։

«Այն ուղղությունը փոխել է այն բանից հետո, երբ Դաբոլիմ օդանավակայանի տնօրենն էլեկտրոնային նամակ է ստացել, որում նշված է եղել, որ ինքնաթիռում տեղադրված ռումբ կա»,-ասել է նա։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ ինքնաթիռում 238 ուղևոր կա, այդ թվում՝ երկու նորածին և անձնակազմի 7 անդամ։

Նախորդ շաբաթ Մոսկվայից Գոա թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ջամնագար օդանավակայանում՝ հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով։ Հնդկական հետախուզական ծառայությունները մանրակրկիտ ստուգումից հետո ինքնաթիռում ոչ մի կասկածելի սարք չեն հայտնաբերել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել