News.am-ը գրում է․

Ալեքսը տասը օր է՝ դպրոց չի գնում՝ ջեռուցում չլինելու պատճառով, փոխարենը մորն է օգնում՝ քույրիկի՝ մեկուկես տարեկան Եվայի խնամքի հարցում։ Հարցնում եմ՝ ուրա՞խ է, որ դպրոց չի գնում, չէ որ հիմա ավելի շատ ժամանակ ունի խաղալու համար, կարճ է պատասխանում.

«Չէ»։

9–ամյա Ալեքսն ու նրա 5–ամյա եղբայրը՝ Գեղամը միայն դպրոց ու նախակրթարան գնալուց չեն զրկվել, կարատեի նույնպես չեն հաճախում, ջեռուցում չկա։

 «Դրսում ցուրտ է, չենք կարող դրսում խաղալ, տուն ընկած վիճակում ենք։ Մուլիտիկ, կինո են նայում, արանքում նաեւ դասեր անում»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմում է երեք մանկահասակ երեխաների մայրը՝ Արցախուհի Բաբայանը։

Բաբայանների հինգ հոգանոց ընտանիքն ապրում է Ստեփանակերտում՝ 27 քառակուսի մետր մակերես ունեցող կիսակառույց, մեկսենյականոց տանը։ 3 անչափահաս երեխաների մայրը՝ Արցախուհին, պատմում է այս ծանր օրերի դժվարությունների մասին։

«Օրական 4 ժամ էլեկտրականություն չենք ունենում, եղածն էլ շատ թույլ է, չենք հասցնում էլեկտրական ջեռուցիչով տաքանալ, դրա համար էլ անցել ենք փայտի վառարանին։ Տան տեղը շատ ցուրտ է, ստիպված էինք փայտի վառարան տեղադրել»,– ասում է նա։ 

Արցախուհին ափսոսանքով է խոսում, որ նորոգած տանը փայտի վառարան են տեղադրել, պատերը հանկարծ չմրոտվեն, մտահոգվում է տան տիրուհին։

«Դե գիտեք փայտի վառարանների հետեւանքը՝ ծխոտում է։ Վառարանի խողովակները շուտ–շուտ լցվում են, պետք է անընդհատ  մաքրենք, գումարած դրան, որ օդը մաքուր չէ, միակ դրական կողմն այն է, որ տաքացնում է»,– ասում է նա։

Չնայած երեկ հայտնել են, որ երկու օր գազի խողովակը փակ պահելուց հետո ադրբեջանական կողմն մասնակիորեն բացել է այն, Բաբայանները չեն շտապում հրաժարվել փայտի վառարանից։

Արցախում երեկվանից սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների՝ բրինձի, մակարոնեղենի, հնդկաձավարի, ձեթի եւ շաքարավազի կտրոններով վաճառքը։  Արցախուհին դեռ չի հասցրել խանութ գնալ, բայց այդ գնումներն էլ բազմազավակ մայրիկի հոգսը չի թեթեւացնելու։

«Ինչ–որ կտրոնով վաճառվում է, երեխաներս չեն ուտում։ Միրգ ու բանջարեղեն են նախընտրում, որից չկա, հիմա մտածում ենք՝ ոնց պետք է համոզենք, որ մի բան ուտեն»,– նշում է մայրը։

Երեք մանկահասակ երեխաների մայրը չի աշխատում, տան եկամուտ ստեղծողն ամուսինն է, բայց նա էլ այս պահին գործ չունի, շինարարությամբ էր զբաղվում, շրջափակման հետեւանքով  շինանայութի պակասի պատճառով աշխատանք չկա։ Ընդհանրապես, շրջափակման հետեւանքով գործազուրկների թիվը Արցախում կտրուկ ավելացել է։ Միայն վերջին 4 օրում 700 մարդ է կորցրել աշխատանքը, 40 օրերի ընթացքում՝ 4100–ը։ Բաբայանների ընտանիքն ապրում է երեխաների նպաստի եւ խնայողությունների հաշվին։

Իսկ Արցախում հումանիտարն աղետն օրեցօր խորանում է։  Հովհարային անջատումներով եւ գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝  համակարգում ավելացել է վթարների թիվը, հոսանքի տատանումների պատճառով հրդեհներ են բռնկվում։

Ադրբեջանական կողը երեկ մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, բայց  թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը սահմանափակումներով կլինի։ Գազ կունենան միայն Ստեփանակերտի բնակելի տները, շրջանային գազալցակայանները, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտները։

Ջեռուցման խնդիրներով պայմանավորված, նախօրեից Արցախում դադարեցվել են բոլոր՝ 117 դպրոցների աշխատանքները։ Գրեթե 20,000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակման 40 օրերի ընթացքում 36 հիվանդ է տեղափոխվել է Հայաստան: Երեկ՝ հունվարի 20–ին,  նրանց ուղեկցությամբ եւս 4 քաղաքացի է Արցախից տեղափոխվել Հայաստան, մեկն էլ Հայաստանից՝ Արցախ։

9 երեխա եւ 9–ը  չափահաս քաղաքացիներ գտնվում են վերակենդանացման բաժիններում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել