«Ովքեր ժամանակին պատերազմ էին հաղթել կամ այդ ամեն ինչի մեջ եղել էին, հիմա ՊՆ-ում չկան: Կեսը մահացած է, կեսը թոշակի է անցել, կեսին հանեցին գործից՝ նպատակադրված, փորձառուներն այլեւս բանակում չեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց նախկին հատուկջոկատային հետախույզ, դիպուկահար, ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակից Անդրանիկ Պողոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի զորամասային կացարաններից մեկում 15 զինծառայողի մահվան դեպքին:

«Տակը մնացին այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում մնացել են պաշտպանության նախարարությունում միայն մեկ պրիարիտետ ունենալով, այն է՝ բանակից մի բան գողանալը՝ ենթասպայից սկսած, որ պահեստապետ էր եղել, մնացածով վերջացրած: Ամեն մեկն իր փայով, ինչ իրենց հասանելի է եղել, ինչ կարողացել են, գողացել են բանակից: Այդտեղից էլ՝ իրենց տները, ավտոները եւ այլն, եւ այլն: Ու այդ մարդիկ եկել-հասել են երեւելի պաշտոնների, դարձել են հրամանատար: Պարզ է, չէ՞, որ անկախ այն հանգամանքից, թե որքան է մեծացել իրենց գրպանը, իրենց ուղեղը դատարկ է, իրենք ոչ մի ռազմական գիտելիք չունեն: Ինչպես ասում էր Կարեն Դեմիրճյանը՝ ուսուցիչը, մարդը եթե կրթված չէ, չի կարող սերունդ կրթել: Նույն ձեւի այսօրվա իրենց զինվորականներն են, իրենք կրթված չեն: Սակրավորներն անվտանգության կանոնները չիմանա՞ն, ի վերջո՝ պայթուցիկ նյութերի հետ են աշխատում, մինաների հետ են աշխատում, քանդում, հանում: Այսինքն՝ իրենցից լավ բանակում անվտանգության կանոնները ոչ ոք չպիտի իմանար»,- ասաց Պողոսյանը:

Նախկին հատուկջոկատայինը նշում է, որ սակրավորը բանակում այն հաստիքն է, որը ենթադրում է անվտանգության կանոնների լավագույն իմացություն, եւ եթե սակրավորն անվտանգության կանոններին չի տիրապետում, վերջ, բանակի վրա կարող ենք խաչ քաշել: 
«Սակայն այստեղ ամենակարեւոր հարցն այն է, որ մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Կա տարբերակ, որ վառարանը կպցնելուց բենզինը լցրել են կրակի վրա, քաշել է ներս, տվել պայթեցրել է․ կա նման տարբերակ, բայց այդ դեպքում ինչքան էլ պայթի, պատերի վրա պե՞տք է սեւ, սեւացած, մոխրացած հատվածներ լինեն: Վերջիվերջո, մարդիկ են վառվել, հագուստ է վառվել, մարդու միս է վառվել, այդ ամեն ինչն այնպիսի ծուխ կհաներ՝ սեւ, որ գոնե պատերը պիտի սեւ լինեին: Բայց նայում ես քարերին… ես մեծացրել եմ, նայել՝ վրաները սեւ հետքեր չեմ նկատել, ինչ նկարներ որ գցել էին, մի հատ սեւացած հետք չեմ տեսել: Մի հատ քանդված շենքի նկար էր, գյուղամեջի պուճուր շենքը ո՞նց պիտի հրդեհվեր, որ դրա հետքը չերեւար: Լավ, ենթադրենք, թե ամբողջ անձնակազմը քնած է եղել, հերթափոխն էլ, որ պիտի հսկեր կրակը, որ չմարեր, կներեք արտահայտությանս համար, հերթապահն էլ ծալապակաս էր, ուղեղից թույլ էր, չգիտեր, որ բենզինը չի կարելի լցնել կրակի վրա՝ լցրեց, տրաքեց, բայց պիտի, չէ՞, հետքեր լինեն: Ո՞ւր են այդ հետքերը, նույն «Սուրմալուի» օրն են գցելու, գլխներիս տակ փափուկ բարձ դնեն, ասեն հետաքննություն, քրեական գործ, չգիտեմ ինչեր»,- շեշտեց նախկին հետախույզը:

Անդրանիկ Պողոսյանը կարծում է, որ հետաքննության մասին կհայտարարեն, մինչեւ մարդիկ հանդարտվեն, հետո ծածկադմփոց կանեն, կմոռացվի ու կգնա: «Նույնիսկ եթե դիվերսիա է եղել, իրենք չեն ասելու՝ դիվերսիա է, իրենց խաղաղության օրակարգին դա վնաս է: Բայց, ամեն դեպքում, նույնիսկ ամենաուժեղ պատրաստված դիվերսանտը ոչինչ չի կարողանա անել, եթե անձնակազմը կիրթ է, ունի ռազմական գիտելիքներ, ունի ռազմական պատրաստություն եւ ամենակարեւորը՝ իր տեղում է՝ զենքը ձեռքին, իր հերթափոխին, իր ծառայությունը կատարելիս»,- շեշտեց արցախյան պատերազմների մասնակիցը:

Պողոսյանը նշում է, որ այս միջադեպից մի քանի օր առաջ հրապարակում էր արել այն մասին, թե ինչպես էր հանրության մի լայն շերտ ամենավերջին հայհոյանքներով անպատվել երկու ժամկետային զինծառայողի, որոնք ջրով արթնացրել էին քնած հերթապահին: 

«Չգիտեմ՝ ինչ հայհոյանքներ էին գրում այդ երկու զինվորների հասցեին, այսինքն՝ նա զինվոր էր, այս երկուսը՝ չէ՞: Բա զինվորին կարելի՞ է այդպիսի հայհոյանքներ գրել: Ջրով է փորձել արթնացնել, դրա՞ համար: Լավ է արել, շատ մեղմ է վարվել: Ես լինեի իրենց տեղը, մի քանի հարված կհասցնեի: Իմ զինվորը հանկարծ իր հերթափոխի ժամանակ քներ, գիտե՞ք ինչ օրը կընկներ, այնպիսի դաս կստանար, որ երբ քնելու մասին լսեր, ավելի առույգ կլիներ»,- ասում է Պողոսյանը: Նախկին հետախույզը նկատում է, որ քնելն անընդունելի ու ճակատագրական սխալ է հերթապահի համար, դա մեծագույն պատասխանատվություն է` ի վերջո, մարտական դիրք է, որ իր մեջ տպավորվեր՝ չի կարելի քնել, ու բացարձակ կապ չունի, որ հերթափոխը զորամասի ներսում է իրականացնում:
«Հերթապահը պիտի գիտակցի, որ իր հույսով հինգ հազարից ավելի մարդ է քնած, իսկ դու քնած ես: Վաղն էլ դու գնացիր քնելու, հերթափոխ չեղար, մեկ ուրիշը՝ քեզ պես մտածող, օրապահի պահարանի վրա քնեցիր, դիվերսանտները եկան, բոլորիդ մի վնաս տվեցին, փառքով սաղ մնացիր, ելնելու ես, չէ՞, հայհոյես քնած հերթապահին: Քո հերթն է, ինչի քո բատալյոնի քունն այնպես հսկես, որ մարդիկ քնած ժամանակ մի փորձանքի չգային: Մեր ժամանակ նման բան չկար, այնպիսի խստություն էր, որ հանկարծ աֆիցերին զինվորը չլսեր, ծեծ էլ կուտեր, սոցիալական դիրքն էլ կընկներ բանակի մեջ։ Այդ ամեն ինչը պահպանված էր: Ի վերջո, կային ուժեղ տղերք, բնականաբար, իրենք մի քիչ արտոնյալ էին, բայց կարգուկանոնը կազմակերպում էին»,- ասաց Պողոսյանը:

Նախկին հատուկջոկատայինը սրա հիմքում տեսնում է այն, որ բանակում եղած ուժեղ, կազմակերպչական ունակություններով զինվորականների մի մասի վրա գործեր կարվեցին, մի մասին տարբեր պատճառներով գործից հեռացրին, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ զինվորները մնացին առանց իրենց ուղղորդող, ղեկավարող մարդկանց: «Այսօր սպան չգիտի իր զինվորի հետ ինչպես խոսել, ախպերություն է փորձում անել, բայց սպան զինվորի հետ այդպիսի փոխհարաբերություններ չպետք է ունենա, սպան իր վեհ դիրքում պիտի մնա, ինքը պիտի հրաման տա՝ զինվորը հրամանը կատարի, ոչ թե ախպերավատ լինի: Այն ժամանակ էլ կային խնդիրներ, բազում խնդիրներ կային, բայց էն ժամանակ այս տիպի համատարած չէր: Բանակում եթե պահանջող չեղավ, անող չի լինի, ու ցանկացած մակարդակում»,- նշեց Պողոսյանը:

Նա հավելեց, որ եթե ԳՇ պետը չպահանջի կորպուսների հրամանատարներից, կորպուսների հրամանատարները չպահանջեն դիվիզիաների հրամանատարներից, դիվիզիաների հրամանատարները չպահանջեն զորամասերի հրամանատարից, զորամասի հրամանատարը չպահանջի գումարտակի հրամանատարից, նրանք, իրենց հերթին՝ վաշտերի հրամանատարներից, վաշտերի հրամանատարներն էլ չպահանջեն դասակի հրամանատարներից, ու այդպես շարունակ՝ զինվորը ոչինչ չի անի:

«Արդյունքում անողը զինվորն է, բայց պահանջը պետք է գա ԳՇ պետից, ու օղակներով համապատասխանաբար այդ պահանջը պետք է հնչի, դրվի զինվորի առաջ: Բացի ԳՇ պետից, գոյություն ունեն ավելի ցածր օղակի հրամանատարներ, եւ ամեն մեկը պիտի իր գործը կատարի: Երբ որ մի օղակն իր ֆունկցիան չի կատարել, հրամանը մինչեւ զինվոր չի հասնում, իսկ երբ որ իմացավ, որ իրեն հրաման տվող չկա, ինքը չի ծառայելու: Իր համար կայֆավատի տեղ է դառնալու, օր մեռցնելու տեղ, օրերը սպանեն, մինչեւ գնան տուն: Ցանկացած զինվոր այդպես է՝ թեկուզ ամենահրաշք զինվորը, եթե իր գլխին հրաման տվող չունենա, իրենից ամեն ինչ սպասելի է՝ դու չգիտես, թե ինքը որ վայրկյանին ինչ կարող է անել: Դրա համար ես փառք եմ տալիս մեր գումարտակի հրամանատարին: Իրենից բոլորը բողոքում էին, որովհետեւ ինքն ահավոր ուստավչիկ էր, բայց ես իրեն փառք եմ տալիս, որովհետեւ ինքն ասում էր՝ զինվորն ազատ ժամանակ չպետք է ունենա՝ ինչ-որ կեղտոտ բանով զբաղվելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Զինվորը պիտի իր օրակարգով շարժվի՝ կետ առ կետ, րոպե առ րոպե․ կարգով պետք է լինի զինվորի ամեն քայլը: Եթե զինվորին թողնում են ինքնահոսի, իրենք փորձանք կբերեն, քանի որ դեռ երեխա են, շատ բաներ չեն հասկանում, շատ բաների այլ աչքով են նայում, շատ բաների վերաբերյալ սխալ պատկերացում ունեն: Անդրանիկ Պողոսյանը շեշտում է՝ զինվորին անընդհատ պետք է ուղղություն ցույց տալ, կրթել, բացատրել, զինվորի ձեռքը բռնած՝ սովորեցնել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել