Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Միջնորդագրին կցվել է նաեւ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Միջնորդագրի քննությունը, այսինքն՝ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել-չզրկելու վերաբերյալ հարցի քննությունը տեղի կունենա ԱԺ հաջորդ  հերթական նիստերի ընթացքում՝ փետրվարի 7-ից սկսած։ Ըստ կարգի՝ գլխավոր դատախազը պետք է ներկայանա խորհրդարան եւ հիմնավորի միջնորդությունը, օրենսդիրներն էլ գաղտնի քվեարկությամբ (մեծամասնությունը) պետք է հավանություն տան կամ մերժեն դատախազի միջնորդությունը։

Ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանի դեմ միջնորդությունը ներկայացվեց հիմա, մինչդեռ խոսակցությունները սկսվել էին նոյեմբերի սկզբներին։ Երբ «հայաստանցիները» դեռ բոյկոտում էին ԱԺ նիստերը, մամուլում լուրեր տարածվեցին, թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դաշինքի երեք պատգամավորների վերաբերյալ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել․ Սեյրան Օհանյանից բացի՝ խոսք էր գնում նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի եւ բժիշկ Արմեն Չարչյանի մասին։ Սակայն դատախազությունից համառորեն հերքում էին մամուլում տարածված լուրերը, եւ տպավորություն  էր, թե իշխանության վերին օղակներից տարածվող նման լուրերն ընդամենը ընդդիմության վախը բռնելու, նրանց խորհրդարան վերադարձնելու համար են, մանավանդ որ իշխանությանն օդ ու ջրի պես հարկավոր էր օրենսդիր մարմնում ընդդիմության ներկայությունը․ դա էին պահանջում միջազգային գործընկերները։ 

Երբ Վահե Հակոբյանն ու կուսակիցները խմբով լքեցին դաշինքը, տպավորություն էր, թե հարցը փակվեց` իշխանության կիրառած «զենքը» սպասվածից ավելի արագ արդյունք տվեց։
Երեկ դատախազն արեց այդ քայլը: Ոմանց համար այն կանխատեսելի էր` իշխանությունը, սեփական ձեռագրի համաձայն, փորձում է հերթական աղմկահարույց պատմությամբ շեղել ուշադրությունը 15 զինվորի այրվելու դեպքից, ավելին՝ պաշտպանության նախկին նախարարի դեմ գործողություններով թերեւս փորձում են կատարվածի սլաքներն ուղղել դեպի նախկինները՝ հանրությանը ցույց տալով, թե բանակի թալանն իրականացրել են նրանք, դրա համար էլ այսօր զինվորները նորմալ կացարանի փոխարեն անասնագոմ հիշեցնող հյուղակում են տեղակայվել։ 
Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, որ դատախազի ներկայացրած միջնորդագիրը հերթական շոուն է, եւ ինքը շատ հանգիստ է ընդունում այդ ամենը։ «Այսօրվա իշխանությունները փոխարեն զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով եւ ամենակարեւորը՝ երեկ ահասարսուռ, աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՈՒ-ում, փոխարենը դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղել»,- ասաց նա եւ վստահեցրեց. «Մինչ այս որեւէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որեւէ հարցաքննության ժամանակ քննչական մարմիններն ինձ ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել։ Երբ ստանամ փաստաթղթերը, ծանոթանամ բովանդակությանը, հավելյալ տեղեկություններ անպայման կներկայացնեմ»։ Թե ինչ հարցաքննությունների է մասնակցել, Օհանյանը հրաժարվեց պատասխանել։ 

Դատախազության հաղորդագրությունից եւս պարզ չէ, թե ինչ գործերով է իրավապահ մարմինը պատրաստվում Օհանյանին մեղադրանքներ առաջադրել, գործերի մասին շարադրանքը խիստ վերացական է։ Մենք տեղեկացանք, որ քրեական գործերից մեկը վերաբերում է «ՁորաՀԷԿ»-ի հայտնի պատմությանը։ Ավելի քան չորս տարի առաջ՝ 2019-ին, դատախազությունը հայտնել էր, որ պաշտպանության նախարարության կազմում գտնվող եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից մեկը` «ՁորաՀԷԿ»-ը, 2010 թվականին օտարվել է շուկայականից 3 միլիոն դոլար պակաս գնով, օտարվել է նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին։ Օտարման գործով 5 մեղադրյալ է անցնում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, 2011-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նրա տեղակալը եւ հանձնաժողովի երկու անդամներ։ Բոլոր նախկին պաշտոնյաներն էլ մեղադրանքը չեն ընդունում, գործով որեւէ մեկը կալանավորված չէ։ Օհանյանն այս գործով քանիցս հայտարարել է, որ նախարարությանը պատկանող գույքի օտարման ողջ գործընթացն իրականացրել է էներգետիկայի նախարարությունը, եւ ինքը որեւէ տեղեկատվություն չի ունեցել՝ ինչու է այն շուկայականից էժան օտարվում եւ ում է օտարվում։ Հիշեցնենք, որ էներգետիկայի նախարարն այն ժամանակ Արմեն Մովսիսյանն էր, ում նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել մահվան պատճառով։ 

Շուրջ երկու տարվա քննությունից հետո դատախազությունը 2021-ին ոչ թե դատարան, այլ լրացուցիչ քննության էր ուղարկել «ՁորաՀԷԿ»-ի գործը։ ՀՔԾ-ի ներկայացրած մեղադրական եզրակացությունը դատախազությունը չէր հաստատել, եւ գործը կրկին հետ էր ուղարկվել` պարզելու էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, թե ՀՔԾ քննիչն առաջարկել է ընդհանրապես դադարեցնել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու պատճառով: Օհանյանն ու գործով անցնող մյուս մեղադրյալները, սակայն, չեն համաձայնել։ Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանը հրապարակային հայտարարում էր` արդարացում ենք պահանջում։ Հիմա, փաստորեն, դատախազ է փոխվել, եւ այս գործը նորից են հիշել:

Ենթադրվում է, որ հաջորդ գործը, այսպես կոչված, անպիտան հրթիռների գործն է, որի շրջանակներում տեւական ժամանակ է՝ կալանքի տակ է գտնվում պաշտպանության նախկին մեկ այլ նախարար՝ Դավիթ Տոնոյանը, սակայն գործի քննությունը դատարանում է, եւ եթե պրոցեսը չձգձգեն, այն քանդվելու է ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավոյին՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Իրավապահների վարկածով՝ ԶՈւ եւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժեներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4 հազար 232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել է, որ այդ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն, որն այդ ժամանակ ղեկավարել է ինքը, չի գնել դրանք, քանի որ հայտնաբերել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում, եւ եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ, մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչեւ որ ինքը չունի երկրորդ թույլտվությունը` լիցենզիան` տարանցիկ փոխադրմամբ այլ երկիր տանելու, վաճառելու»,- նշել է Օհանյանը: 

Ուշագրավ է, որ չնայած դատախազի միջնորդագիրն ԱԺ նախագահին էր ուղարկվել առավոտյան, իսկ ԱԺ-ից էլ վստահեցնում էին, որ ստանալուց շատ չանցած, ըստ ընթացակարգի, ուղարկել են Օհանյանին, սակայն գործընկերներն ասում էին, որ չեն ստացել միջնորդագիրը եւ տեղյակ չեն, թե ինչում են մեղադրում Օհանյանին։

Այսպիսով՝ Սեյրան Օհանյանը 18-րդ պատգամավորն է, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվելու է Ազգային ժողովում: Նախորդը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր, ում հարցը քննարկվեց 2020-ի հունիսի 16-ին։ Գրեթե բոլոր գումարման խորհրդարաններում եղել են պատգամավորներ, որոնց անձեռնմխելիությունից զրկելու հարցով օրվա իշխանությունների թելադրանքով դատախազը միջնորդություններ է ներկայացրել։ 6-րդ գումարման Ազգային ժողովում (2017-2019թթ.) ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է 2018թ. հունիսի 19-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Մյուսը ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է, ում հետեւից եկան 2013թ. նախագահական ընտրություններից առաջ: Վանո Սիրադեղյանի հետեւից գլխավոր դատախազը խորհրդարան է եկել 2 անգամ, 2 տարբեր գումարումներում: Իսկ 1996 թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանում նախագահական  ընտրություններից հետո Երեւանում սկսված զանգվածային ցույցերի օրերին հրավիրված արտահերթ նստաշրջանում, պատգամավորների միջեւ ծեծկռտուքի պայմաններում Ազգային ժողովը համաձայնություն տվեց գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանի առաջարկությանը` քրեական պատասխանատվության ենթարկելու մի շարք ընդդիմադիր պատգամավորների: Նրանց թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Վազգեն Մանուկյանի եւ նրա կողմնակիցներ Արշակ Սադոյանի, Սեյրան Ավագյանի, Ռուբեն Հակոբյանի, Դավիթ Վարդանյանի, Պարույր Հայրիկյանի, Շավարշ Քոչարյանի, Ներսես Զեյնալվանդյանի նկատմամբ:

2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո էլ խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, երկրորդ գումարման Ազգային ժողովը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Մուշեղ Մովսիսյանին, ով մեղադրվում էր հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու մեջ: Ապացույցների բացակայության պատճառով հետագայում Մովսիսյանն ամիսներ անց ազատ արձակվեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել