Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նահանգների կեսից ավելիի իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են չինական TikTok սոցիալական ցանցի օգտագործումը կառավարական սարքերում։ Սահմանափակումները պայմանավորված են Չինաստան տվյալների արտահոսքի մտավախությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հայտնել է CNN-ը։

Իշխանություններն այս քայլին դիմել են՝ վախենալով, որ հավելվածը հավաքում է օգտատերերի մեծ քանակությամբ տվյալներ և խոցելի դարձնում ԱՄՆ ենթակառուցվածքը, հայտնում է հեռուստաալիքը։ Որոշ նահանգներ նաև արգելել են Չինաստանի հետ կապված այլ հավելվածներ, ներառյալ WeChat-ը և AliPay-ը:

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նույնպես արգելել է իր անդամներին TikTok-ն օգտագործել աշխատանքային սարքերում։ Դա հիմնավորվել է նրանով, որ հավելվածը «բարձր ռիսկայնություն է ներկայացնում օգտատերերի համար՝ անվտանգության մի շարք սպառնալիքների պատճառով»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ TikTok-ը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Նրա կարծիքով՝ Չինաստանի իշխանությունները «կարողություն ունեն» ստանալու TikTok-ի ամերիկացի օգտատերերի անձնական տվյալները, ինչպես նաև վերահսկել, թե ինչ տեսակի բովանդակություն է տեղադրվում այս սոցիալական ցանցում։ Ըստ Բըրնսի՝ սա «անհանգստության առիթ է»։

Նշվում է, որ TikTok-ն ԱՄՆ-ում առնվազն 100 մլն օգտատեր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել