Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես ուզում եմ ցույց տալ քաղաքակիրթ վարքի օրինակ. սկզբունքային սխալ՝ նշանակում է՝ հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչը հայտարարել էր, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ռուսական հրթիռի բեկորներն են ընկել Դնեպրում գտնվող բարձրահարկ շենքի վրա։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերը հերքել են այս տեղեկությունը՝ բացատրելով, որ իրենք X-22 տեսակի հրթիռների խոցման համար անհրաժեշտ զինատեսակներ չունեն, գրում է News.ru-ն:

Արեստովիչի խոսքով՝ հենց ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքն է հրահրել մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած ողբերգությունը։ Ուկրաինացի զինվորականները քաղաքի վրայով թռչող հրթիռ են խոցել, սակայն այն ընկել է շենքի վրա և պայթել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Եվս 75 մարդ, այդ թվում՝ 14 երեխա, վիրավորվել է։

Արեստովիչն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականն է 2020 թվականի դեկտեմբերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել