Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:

«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:

«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին», - գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել