Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 69 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Ըստ նախագծի՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել