Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. պատմական ու իրավական փաստերի բացահայտ կեղծումով Հայաստանի Հանրապետության տարածքներն անվանում է «արևմտյան Ադրբեջան» և դրա հետ կապված նշում «արևմտյան ադրբեջանցիներ»:  Այս մասին հաղորդագրություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:

«Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (...) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»: 

Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

Պետական սահմանների դելիմիտացիայի հարցերում Հայաստանին ու հայ ժողովրդին բացահայտ սպառնում է ռազմական ագրեսիայով, պատերազմով՝ փաստերի կեղծումով:

Ադրբեջանի նախագահի ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից ուղարկվել են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների։

Ադրբեջանի նախագահը բացահայտ խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են: Ակնհայտ են նրա ինչպես այս, այնպես էլ նախորդ ելույթներում ֆաշիզմի դրսևորումները, որով նա ընդգծում է մի ժողովրդի՝ ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ, բորբոքում ատելություն ու այս պայմաններում հետո խոսում է խաղաղությունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել