Ռուսները ցույց տվեցին, որ չեն նկատել Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը մերժելու մասին։ Պուտինի խոսնակը, համենայնդեպս, կոռեկտության սահմանները չխախտեց՝ ասելով, որ դեռ կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները, եւ, ամեն դեպքում, Հայաստանը շատ մերձավոր դաշնակից է, Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը, «այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք խիստ բարդ են»։

Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի համար հասկանալի չէ Պուտինի այս հանդուրժողականությունը։ «Զարմանալի է, որ Պուտինը չի տալիս սկզբունքային գնահատական նման ելույթներին՝ ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա։ Զարմանալի է, բայց Հեռավորարեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ ԱՊՀ-ից միայն Փաշինյանին իրավունք տրվեց դիրքորոշում ներկայացնելու, եւ նա, որպես մեծագույն խորամանկ, փայլուն ելույթ ունեցավ այնտեղ, բայց մի քանի շաբաթից փոխվեց եւ սադրիչ վարք սկսեց ցուցաբերել։ Փոխանակ Արցախի ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու տարբերակներ գտնելու, նա լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Կրիվոպուսկովը, ընդհանուր առմամբ, մեղադրում է ռուսական կողմին՝ ադրբեջանական վայրագ քաղաքականության վրա աչք փակելու համար, տեսնում է ռուսական կողմի որոշակի պատասխանատվություն, սակայն կարծում է, որ ինչքան ավելի շուտ Հայաստանը փոխի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, այնքան արագ կկարգավորի իր հարցերը։

- Լաչինի միջանցքի փակումն ու ստեղծված ճգնաժամը, ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը՝ մյուս կողմից, սրել են առանց այդ էլ մարող ռուս-հայկական հարաբերությունները։ Այս ամենից հետո ինչպե՞ս եք տեսնում դրանց ապագան։

- Նախ՝ վարչապետ Փաշինյանի թշնամական ելույթները նորություն չեն։ Մարդուց, որը սեփական գործողությունների համար չի կրում պատասխանատվություն իր ժողովրդի առաջ, էլ ի՞նչ սպասենք Ռուսաստանի հանդեպ։ Մարդը, որը 18 թվականի ապրիլի 1-ին կանգնել էր Հանրապետության հրապարակում՝ «Պուտին, Go», «102 ռազմաբազա, Go» պաստառներով, Սորոսի հանձնարարականներից չի հրաժարվի։ Հայաստանի տնտեսությունն ինչի՞ վրա է հիմնված։ Ամեն տանը սեղանին ռուսական հաց է։ Փաշինյանը զեկուցում է, որ տնտեսությունն աճել է, բայց ինչի՞ հաշվին։ Իհարկե՝ Ռուսաստանի։ Այն վերաբերմունքը, որը նա ՀԱՊԿ-ի հանդեպ ցուցաբերել է կառավարման սկզբից, Ռուսաստանի հետ համագործակցության եւ բարեկամության իմ ղեկավարած ընկերության տեսանկյունից։ Կարծում եք, մենք չե՞նք նկատում Արցախում ստեղծված հումանիտար աղետը։ ԱԳՆ-ն ինչի՞ է սպասում։ Ես զարմանում եմ հայ ժողովրդի համբերատարության վրա։ Կարելի՞ է թույլ տալ, որ կառավարությունը ստեղծի կոնֆլիկտային իրավիճակներ եւ պատասխանատվությունը դնի Ռուսաստանի վրա։ Ելքը մեկն է՝ Ռուսաստանը կոշտ քաղաքականություն է վարում Հայաստանի ղեկավարության հանդեպ, ամուր դիրք է գրավում, միաժամանակ Ադրբեջանի հանդեպ զիջումների չգնալով։

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն կարողանում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Մեր վարչապետն ասում է, որ այդ հարցը ռուսների պատասխանատվության գոտում է, եւ չի սխալվում։ Դա նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ է ամրագրված։

- Այդ հապճեպորեն ստորագրված փաստաթղթով տրված չեն այն բոլոր լիազորությունները, որոնք պետք էին նման գործառույթի համար։ Հասկանում եմ, որ մեծ է ցանկությունը՝ ուրիշի ձեռքերով շագանակներ հանելու, բայց, ցավոք, մեր կողմն այն տեսակետին է, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Ուղղակի բլթացնել, որ խաղաղապահները պետք է բացեն ճանապարհը եւ ուժ կիրառեն Ադրբեջանի հանդեպ, հեշտ է, բայց բարդ է։ Ռուս խաղաղապահներն ունեն պարտավորություններ, որոնք կատարում են։

- Խաղաղապահների եւ Ադրբեջանի միջեւ այս պահին կա՞ բանակցային պրոցես։

- Նախ, պետք է բանակցություն լինի անմիջականորեն հայկական եւ ռուսական կողմի միջեւ։ Զորավարժությունները, որոնցից հրաժարվեց Փաշինյանը, Լաչինի բացման հարցում կարող էին բերել որոշակի դրական արդյունքների, բայց նա միանգամից հրաժարվեց, ասելով՝ դե, իրենք կգնան, իսկ մեզ մոտ ավելի վատ կլինի։ Բայց նա ի՞նչ գիտի, թե ինչ է լինելու։

- Տեղեկություններ ենք ստանում, որ խաղաղապահները որոշ քանակի մթերք են տանում, օրինակ, հիվանդանոցներ, ինչ-որ հումանիտար քայլեր են անում։ Այդ հարցում կա՞ ինչ-որ կարգավորում, կամ ադրբեջանցիների հետ համաձայնեցում, թե՞ միանվագ քայլեր են, զուտ կամավոր հիմքերով։

- Դուք կարծում եք, որ Ռուսաստանը պետք է մթերք հասցնելու պարտավորություն վերցնի, իսկ Հայաստանը՝ ո՞չ։ Ես չեմ արձանագրում, թե ինչ զանգեր են ստանում խաղաղապահները ու ինչ պաշտոնական ցուցումներ։ Բայց եթե խաղաղապահները դա անում են, ուրեմն, պետք է դա գնահատել։ Չէ՞ որ նրանք, ի վերջո, կատարում են իրենց առաքելությունը՝ երկու հակամարտող կողմերի արանքում հայտնվելով, ու այդ թվում՝ հումանիտար առաքելությունը։ Իսկ ի՞նչ է արել Հայաստանի վարչապետը Ղարաբաղում կյանքը թեթեւացնելու համար։ Քաղաքական ինտրիգնե՞ր է սարքում։

- Գալով քաղաքական ինտրիգներին, Ռուբեն Վարդանյանի մասին․ մեզ մոտ ոմանք համոզված են, որ նա Ռուսաստանի մարդն է, մյուսները՝ Արեւմուտքի։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Վարդանյանին, որպես Ղարաբաղի մասին հայտնի գրքի հեղինակ։ Նա իրո՞ք ռուսամետ գործիչ է եւ Ռուսաստանի դրածոն։

- Այն, որ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Ղարաբաղում, պետնախարարի պաշտոնում, պատմական օրինաչափություն է, ավանդույթ մեծ հայերի, որոնք ինչ կոչում կամ հարստություն էլ ունենան, միշտ գնացել են Ղարաբաղ՝ օգնելու պատմական հայրենիքին… Իմ գրքում ես նկարագրել եմ պատկառելի տարիքում գտնվող մի բժշկի, որին պատահաբար հանդիպել եմ Ստեփանակերտի ռեգիոնալ ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նա գիտությունների դոկտոր էր ու Ռուսաստանից գնացել էր Ստեփանակերտ, հայրենի քաղաք՝ այնտեղ իր օրերն ավարտելու համար, ու հասարակ ինֆեկցիոնիստ էր աշխատում։ Վարդանյանը նախեւառաջ այդ տեսակին է պատկանում։ Ինչո՞ւ կեղտ փնտրել այնտեղ, որտեղ չկա։ Մարդն ամենածանր պահին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից ու եկել է հայրենիք, որի ճակատագիրը որոշված չէ, բայց ինքն իր ճակատագիրը որոշել է՝ գնալով այնտեղ, ու հիմա դուք ընկել եք մտքերի մեջ՝ լրտես է, լրտես չէ։ Եթե նույնիսկ նա Ռուսաստանի լրտեսն է, ի՞նչ վատ բան կա դրանում։ Ո՞ւմ շահերից է գործում Ռուսաստանը։ Սորոսի՞, թե՞ հայ ժողովրդի։ Վարչապետի՝ Սորոսի լրտես լինելու մասին չեք մտածում, իսկ Վարդանյանի մասին մտածում եք։

- Ես Ձեզ օբյեկտիվ հարցեր եմ տալիս, որոնք այսօր օդում կախված են։

- Ճիշտ եք անում, որ հարցնում եք, Հայաստանի գյուղերում ինձ մոտավորապես նույն հարցերն են տվել, ու ես պատասխանել եմ որպես մարդ, որը լավ ծանոթ է Հայաստանի ու Ղարաբաղի պատմությանը։ Ռուսները երբեք չեն ունեցել ստոր վերաբերմունք հայերի նկատմամբ, այնպիսի ստոր վերաբերմունք, ինչպես հիմա Հայաստանում կա Ռուսաստանի նկատմամբ։

- Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Վարդանյանի շուրջ այս անվստահության մթնոլորտը։

- Ադրբեջանի առանցքային շահերով, այն է՝ դուրս նետել հայերին Արցախից, գրավել հայկական հողերը, հանքերը, որտեղ նավթ կամ ոսկի կա։ Սա քաղաքականություն է, որին պետք է հակազդեք՝ Ռուսաստանի հետ միասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել