News.am-ը գրում է.

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14–ին  լրատվամիջոցների հետ զրույցում չէր բացառել  խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունները։ Խորհրդարանի խոսնակի հայտարարությանը հաջորդեցին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերը։ Կարճ ժամանակ անց, սակայն, պետնախարարը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ ստեղծված իրավիճակում երկրի նախագահի, խորհրդարանի հնարավոր հրաժարականն անընդունելի է։

NEWS.am–ը այս հարցերի շուրջ զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։

-Պարոն Թովմասյան, խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունները չբացառելու և այդ դեպքում որպես նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ Ձեր հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց։  Արցախի համար այս ծանր իրավիճակում ինչո՞ւ որոշեցիք բարձրացնել արտահերթ ընտրությունների հարցը, արդյո՞ք ընտրությունները Արցախում կհանգուցալուծեն ճգնաժամը։

-Պատերազմից հետո ինձ հետ հանդիպումների ժամանակ խորհրդարանական, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի, և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից միտք է հնչել, որ Արցախի Ազգային ժողովը լեգիտիմ չէ, ես էլ ասացի, որ ամեն մի պատերազմից հետո ընտրություններ են լինում, ինչը մենք տեսանք Հայաստանում, բայց Արցախում մենք այդ հնարավորությունը չունեինք։ Իմ այդ հայտարարությունն առավել շատ ուղղված էր բոլոր այն ուժերին, որոնք ուզում են Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արցախի ԱԺ նախագահը հինգ խմբակցությունների հետ կառչած չէ այդ պաշտոններից, ասել եմ՝ չի բացառվում, բայց ես որպես ԱԺ նախագահ՝ մոտ ապագայում այդպիսի ընտրություններ չեմ տեսնում, բայց նաև չեմ բացառում։ Սա էր իմ հիմնական ասելիքը և հարց հնչեց, որ եթե լինի, ես կմասնակցե՞մ այդ ընտրություններին, ես էլ դրական պատասխանեցի։ Չբացառելը չի նշանակում, որ անպայման արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Այս պահին, երբ Արցախը շրջափակման մեջ է և բազմաթիվ սոցիալական հարցեր, խնդիրներ կան, համապետական ընտրություններ անցկացնելու համար պարարտ հող չկա։

Երբեք ո՛չ խորհրդարանի հայտարարությունների, ո՛չ այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելու համար Արայիկ Հարությունյանը ինձ խնդրանքով չի դիմել։ Արայիկ Հարությունյանը չի խառնվում իմ աշխատանքների մեջ, ես էլ չեմ խառնվում գործադիրի աշխատանքների մեջ։ Այն գլխից ես հրաժարվել եմ մաս կազմել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, նախագահն էլ հարգանքով է վերաբերել իմ դիրքորոշմանը։

-Իսկ ինչո՞ւ հիմա չբացառեցիք արտահերթ ընտրությունները, երբ Արցախը շրջափակման մեջ է։ 

-Դուք գտնո՞ւմ եք, որ այդ մասին հայտարարելով ես խառնաշփոթ եմ առաջացրել Արցախում, երբ էլ որ ասեի՝ նույնն էր լինելու, գուցե մի քիչ ավելի լավ լիներ, կամ ավելի վատ, կամ ընդհանրապես բան չլիներ։ Ես մի օր սրա մասին պետք է հայտարարեի  չէ՞։

-Դուք  նախագահ Արայիկ Հարությունյանի հետ նախապես քննարկում ունեցե՞լ եք, նախագահը տեղյա՞կ էր Ձեր հայտարարության մասին։

-Արայիկ Հարությունյանը անակնկալի եկավ, մեր խմբակցության՝ ‹‹Ազատ հայրենիք»-ՔՄԴ››–ի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նույնպես...

-Պարոն Թովմասյան, արտահերթ ընտրությունները կհանգուցալուծի՞  Արցախում ստեղծված իրավիճակը։ 

-Ոչ, իհարկե։

-Այդ դեպքում ինչո՞ւ գնալ արտահերթ ընտրությունների։

-Բայց ես ասե՞լ եմ՝ գնում ենք ընտրությունների։

-Ոչ, բայց Դուք չեք բացառել ընտրությունները։

-Ինձ բերել են մի իրավիճակի, մթնոլորտ էր ստեղծվել, պատերի տակ խոսակցությունների կան, որ պատգամավորները կառչած են իրենց պաշտոններից, չեն ուզում արտահերթ ընտրություններ, ես էլ ասել եմ՝ չեմ բացառում, եթե լինի՝ գնալու եմ, դե թող մնացածն էլ ասեն՝ գնալո՞ւ են, թե՝ ոչ, բայց կրկնում եմ՝ մոտ ապագայում ես դա չեմ տեսնում, բայց որ չեմ տեսնում դա՝ նշանակում է, թե չի լինելո՞ւ։ Իմ վերլուծությամբ, եթե հիմա ընտրություններ անենք, ապա մեզ համար ավելի վատ է լինելու։ Բայց որոշողը ես չեմ, եթե ընտրություններ լինեն՝ ես մասնակցելու եմ, եթե դրանից վատ են զգում որոշ մարդիկ, քաղաքական ուժեր, դա իրենց խնդիրն է, ես ունեմ իմ ճշտի ճանապարհը, դա Արցախն է, Արցախի ժողովուրդն է, Արցախը հայկական պահելն է, որի հնարավորությունը մենք ունենք, և թշնամու օրակարգը չսպասարկելն է, Արցախի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելն է։

-Պարոն Թովմասյան, խոսեցիք թշնամու օրակարգը չսպասարկելու մասին։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես այդ մասին էր խոսել, երբ մամուլում շրջանառվում էր նրա հրաժարականի մասին լուրը…

-Համամիտ եմ Ռուբեն Վարդանյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել