Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընկալելի չի համարում ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս՝ պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: 

«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝դրա կազմում եղող զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլը և ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ունեցել է քաղաքական նշանակություն ու քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով:  Ես դա դիտարկում եմ նաև որոշակի սատարման քայլ: Հայաստանի իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկալելի չէ, և չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ հետևանքները»,-ասաց Աբրահամյանը: 

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի դաշնակիցների, հնարավոր բարեկամ երկրների շրջանակից՝ ինչպես արտաքին քաղաքական ուղղությամբ, այնպես էլ անվտանգության համակարգը ամրապնդելու գործողություններից, քանի որ ակնհայտորեն, Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքները մեծանում են: Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի  համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել