168.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է դատավարության կողմերի հարցերին։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2018 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։ Նա նշեց, որ ոստիկանության շարքերում այդ ժամանակ նաև կանգնած էր Լևոն Երանոսյանը։

Սիմոնյանը նաև ներկայացրել է հավաքի նպատակը՝ ասելով, որ իրենք համաձայն չէին, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ լիներ երկրի ղեկավար։

Հարցին, թե արդյոք նա եղել է հավաքի կազմակերպիչ, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը հավաքի կազմակերպիչ չի եղել, այլ շարքային մասնակից էր։

«Այդ ժամանակ կանգնած էինք (Բաղրամյան պողոտայում-խմբ․) և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է գնալ իր աշխատանքի վայր, դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես խոսում էի ոստիկաններից մեկի հետ, թե ինչու չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը գնա (արդեն մեկ-երկու պայթյուն եղել էր), փշալարի վրա սաղավարտ կար, ես փորձեցի այդ սաղավարտը վերցնել փշալարի վրայից և ոստիկաններից մեկը փորձում էր հարվածել ձեռքիս, ես հասցրեցի ձեռքս հետ քաշել, որից հետո տեղի ունեցավ պայթյունը»,- ասաց Սիմոնյանը։

Նա հավելեց, որ պայթյունի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել