Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապան համայնքի ղեկավար Սուրեն Փարսյանը՝ հավելելով, որ մտահոգիչ են շարունակում մնալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։

Նրա խոսքով՝ սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո որևէ դիրքային փոփոխություն կամ առաջխաղացում չի արձանագրվել։

«Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել են սեպտեմբերի 13-ին և 14-ին։ Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- նշել է Կապան համայնքի ղեկավարը։

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»՝ «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի սյունեցու արձագանքը, Կապան համայնքի ղեկավարը պատասխանել է․

«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել