Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում: Այս մասին Freedom House-ը շեշտել է «Թվիթեր»-ի էջում կատարած գրառումներով:

Կազմակերպությունը նախ նկատել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ ամսից ավելի շարունակվող շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական պաշարները նվազում են։

«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն՝ աջակցել շրջափակումը վերացնելուն և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-նշել են Freedom House-ից:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել