168.am-ը գրում է․

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի:

Վարդանյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում:

«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-շեշտել է Վարդանյանը:

Նա հավելել է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը։

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել